Նոյեմբեր 10, 2014
2014թ.-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլին՝ «ԱՐԵԱԼ» լազերային թնդանոթով գծային արագացուցչին: «ԱՐԵԱԼ»-ն (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) իրենից ներկայացնում է բարձր հաճախային լազերային թնդանոթով գծային արագացուցիչ, որի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում:
«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին: 2014թ. մայիս ամսին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները, և արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի բացման արարողությունը տեղի է ունեցել 2014թ. հուլիսի 22-ին:
2014թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիական փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցման աշխատանքները: Կայանները համապատասխանաբար ապահովված են լազերային սկանավորմամբ երկֆոտոն մանրադիտակով և միկրոմշակման մոդուլով: Սկսած 2014թ. դեկտեմբեր ամսից Հայաստանի մի շարք գիտական հաստատությունների և ՔԵՆԴԼ ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձերը, որոնք նպատակ ունեն լուծելու մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, բժշկակենսաբանության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին՝ ասելով.
-Նախ, ես շնորհավորել եմ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմին «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկման կապակցությամբ և համարում եմ, որ սա միայն «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կոլեկտիվի հաջողությունը չէ, այլ Հայաստանի գիտական հանրության և՛ հաջողությունն է, և՛ նոր հնարավորությունը: Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը, և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը, ու նաև այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել: Ես շատ ուրախ եմ, որ այս արագացուցչի գործարկումը հնարավոր է եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցմամբ: Սա չափազանց կարևոր է: Եվ այսօր ես տեսա, համոզվեցի, որ այս գործընթացը պահանջված է, և սա հնարավորություն է ստեղծում գիտնականների համար, միգուցե առաջին հերթին երիտասարդ գիտնականների համար, արդյունավետորեն շարունակելու իրենց գիտական գործունեությունը: