Հունիս 18, 2021

Նոր ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

«ՔԵՆԴԼ» ինստիտուտում տեղադրվել և ամբողջական շահագործման է հանձնվել ZEISS ընկերության Axio Observer Research Inverted մանրադիտակը: Ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումն իրականացվել է Carl Zeiss ընկերության մասնագետի կողմից, ով վերապատրաստման դասընթաց է անցկացրել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմի համար:

Մանրադիտակը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրություններ իրականացնել լայնաշերտ փոխանցվող լույսի, փուլային կոնտրաստի և ֆլուորեսցենտային կոնտրաստի ներքո: Սարքը համալրված է 10X, 20X, 40X և 100X օբյեկտիվներով և հնարավորություն է տալիս ուսումնասիրել ինչպես առարկայական ապակիների վրա, այնպես էլ պետրիի թասիկների (24-68 մմ և 87-92 մմ տրամագծով)  և  միկրոպլանշետների մեջ պատրաստված տարբեր պայմաններում գտնվող նմուշները:

Ընդհանուր առմամբ, մանրադիտակը միաժամանակ 6 ֆլուորեսցենտային ալիքների երկարությունների տակ ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորություն է տալսի: Այնուամենայնիվ, ներկայումս հնարավոր է ուսումնասիրություններ կատարել հետևյալ 4 ալիքի երկարությունների տակ.

 

Ալիք Գրգռման տիրույթ Էմիսիայի տիրույթ Ֆլտորոֆոր
Կապույտ 365 նմ 420 – 470 նմ DAPI
Կանաչ 450 – 490 նմ 500 – 550 նմ EGFP
Նարնջագույն 532.5 – 557.5 նմ 570 – 640 նմ DsRed
Մոտիկ ինֆրակարմիր 625 – 655 նմ 665-715 նմ Cy 5

 

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտնականներին և ԱՐԵԱԼ արագացուցչի կիրառմամբ գիտական ուսումնասիրություններ իրականացնող հետազոտական խմբերին հնարավորություն է ընձեռվել օգտվել վերոնշյալ հատկություններից և ժամանակակից ու նորարարական ուսումնասիրություններ իրականացնել նյութագիտության և նանոտեխնոլոգիաների, կենսաբանության և կենսաբժշկության, պինդ մարմնի ֆիզիկայի, էլեկտրոնիկայի ու օպտիկայի, ինժեներության և շատ այլ բնագավառներում: