Հոկտեմբեր 3, 2013
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում սկիզբ է դրվել նոր «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցմանը: «ԴԵԼՏԱ»-ն կսպասարկի երկու հետազոտական կայան՝ ֆլուորեսցենտային մանրադիտակ և օպտոէլեկտրոնիկա: Կայանները հիմնված կլինեն «ԱՐԵԱԼ» գերարագ լազերի օգտագործման վրա՝ տարածական և ժամանակային լուծողունակությամբ հետազոտություներ իրականացնելու համար: Կայանները բաց կլինեն գիտնականների և փորձարարական հաստատությունների համար, որպեսզի վերջիններս համապատասխան ոլորտներում կարողանան փորձեր իրականացնել:
Ֆլուորեսցենտային մանրադիտակի կայան. փորձարարական կայանի հիմնական սարքը լինելու է լազերային սկանացնող մանրադիտակը: t-Pulse գրգռման լազերով մանրադիտակը եզակի հնարավորություն կտա սպեկտրի ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում ուսումնասիրել ենթաբջջային կառուցվածքները: Կայանը կիրականացնի առաջատար փորձարարական ուսումնասիրություն մոլեկուլային ֆիզիկայի, կենսաֆիզիկայի և բիոքիմիայի լայն շրջանակներում: Հետազոտության բնագավառների անվերջ ցանկը կներառի այնպիսի ուսումնասիրություններ, ինչպիսիք են բջջային կառուցվածքը, սպիտակուցների հատկությունները, բջջային մեմբրանները, կենսաինֆորմատիկան, ԴՆԹ դինամիկան և այլն:
Օպտոէլեկտրոնիկայի կայան. հաշվի առնելով ուլտրամանուշակագույն լազերի բավականին մեծ իմպուլսային էներգիան և պուլսի ենթավայրկյանային տևողությունը` կայանում հետազոտության և զարգացման փորձնական ծրագիրը կներառի օպտիկամանրաթելային տվիչների ուսումնասիրություն` մանրաթելային լազերային ռեզոնատորներ և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ: Օպտիկամանրաթելային տվիչը օգտագործում է օպտիկական մանրաթելը կամ որպես զգայուն տարր, կամ որպես միջոց տեղափոխելու ազդանշանները հեռու տեղակայված տվիչից դեպի ազդանշաններ մշակող էլեկտրոնիկա: Մանրաթելերը շատ են օգտագործվում դիստանցիոն ընդունման ժամանակ: Կախված կիրառությունից՝ մանրաթելը կարող է օգտագործվել իր փոքր չափսի շնորհիվ, կամ, միգուցե, շնորհիվ այն բանի, որ հեռավոր դիրքում էլեկտրական հզորություն հարկավոր չէ, և շատ սենսորներ կարող են համակցվել մանրաթելի երկայնքով՝ օգտագործելով յուրաքանչյուր տվիչի համար լուսային ալիքի երկարության շեղում, կամ յուրաքանչյուր տվիչի միջով մանրաթելի երկայնքով լույսի տարածման արդյունքում ժամանակային հապաղումը գրանցելով:
«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի ստեղծմանը օժանդակում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրված դրամաշնորհը: «Մեր ցանկությունն ու հեռատեսությունն է տեսնել «ՔԵՆԴԼ»-ը որպես համաշխարհային պահանջներին համապատասխանող լաբորատորիա, որը բաց է գիտական և արդյունաբերական խմբերի համար, որպեսզի անցկացնեն փորձեր բնագիտության, շրջակա միջավայրի և նյութագիտության բնագավառներում: «ԴԵԼՏԱ»-ի կառուցումը մեծ ու հիմնավոր քայլ է «ՔԵՆԴԼ» օգտատերերի համայնքի ստեղծման համար», – ասաց գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Սամվել Հարությունյանը: