Հոկտեմբեր 6, 2017
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է ամերիկացի հետազոտողներ Ռայներ Վայսին (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), Բերի Բերիշին (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) և Քիփ Թորնին (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ)՝ «LIGO դետեկտորում մեծ ներդրման և գրավիտացիոն ալիքներին հետևելու համար»:
Առաջին անգամ գրավիտացիոն ալիքներ են նկատվել 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Դեռևս հարյուրավոր տարիներ առաջ Ալբերտ Այնշտայնի կողմից կանխագուշակված ալիքները առաջացել են երկու սև խոռոչների բախման հետևանքով: 1.3 միլիարդ տարի պահանջվեց, որպեսզի այդ ալիքները հասնեն LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) դետեկտորին:
ԱՄՆ գիտության և տեխնոլոգիաների կոմիտեն (Ազգային ակադեմիայի ազգային հետազոտական խորհուրդ) գլխավորող, Նոբելյան մրցանակակիր պրոֆ. Բերի Բերիշը «ՔԵՆԴԼ» ինստիտուտ է այցելել 2004 թ.-ի փետրվարին՝ ծանոթանալու ինստիտուտի գործունեությանը և Հայաստանում նոր սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման հեռանկարներին: «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գործունեությունը ամփոփվեց կոմիտեի՝ «Գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում. Դեպի գիտելիքի վրա հիմնված տնտեսություն» զեկույցում: Կոմիտեն մասնավորապես եզրափակում է, որ ««ՔԵՆԴԼ»-ը հենց այն ինստիտուտն է, որում կատարած ներդրումները կարող են հանգեցնել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավմանը»: Ինստիտուտի գործունեությունը այդ ժամանակ ամփոփվել է նաև CERN Courier-ում (v. 44, N 5, 2004):