Հուլիս 23, 2018
Ս.թ. հուլիսի 18-ին Հայաստանի բնակչության, արտերկրից ժամանած հյուրերի և ԶԼՄ ներկայացուցիչների համար «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կազմակերպվել էր «Բաց դռների» օր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ինչպես նաև հայաստանյան բարձրագույն և գիտական հաստատությունների մի շարք գիտնականներ:
Հյուրերը ծանոթացան ինստիտուտի հիմնադրման և զարգացման պատմությանը սկսած 1999թ.-ից մինչ մեր օրեր՝ SESAME նախագիծ (1999-2001), ՔԵՆԴԼ նախագիծ (2002-2018) և ԱՐԵԱԼ էլեկտրոնային գծային արագացուցչի կառուցում ու գործարկում (2012-2018): Ներկայացվեցին արագացուցչի հիմնական բնութագրերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ազատ էլեկտրոնային լազերի գեներացման համար արագացուցչի ընձեռած հնարավորությունները: Հյուրերն այցելեցին գերբարձր վակուումային տեխնիկայի, ԳԲՀ, ախտորոշման և կառավարման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաներ և միկրոմշակման ու երկֆոտոն մանրադիտակի փորձարարական կայաններ:
Այցի վերջում ՀՀ Նախագահը հարցազրույց տվեց ԶԼՄ ներկայացուցիչներին՝ մասնավորապես նշելով.
«Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ մի քանի պատճառներով, որովհետև նախ այն փաստը որ ես իմ ակտիվ մասնակցությունն եմ ունեցել այս ինստիտուտի ձևավորման սկզբնական շրջանում և երկրորդ, ուրախ եմ տեսնել, որ մի ինստիտուտ, որը հիմնվել էր Հայաստանի անկախության տարիներին, հասել է միջազգային լավագույն մակարդակի՝ կառուցելով 21-րդ դարի ժամանակակից արագացուցիչ:
Քննարկումից հետո Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նվիրված է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում ժամանակակից հեռահաղորդակցման և ղեկավարման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերով զբաղվող կրթական և վերապատրաստման կենտրոնի ստեղծմանը: