Հուլիս 9, 2016
Որոշ ժամանակ առաջ Ավստրիայի Գրաց Համալսարանի մագիստրատուրայի ուսանող Մարտին Ունցոգը ցանկություն էր հայտնել իր ամառային պրակտիկան իրականացնել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Ներկայումս, նա արդեն իսկ ակտիվորեն ընդգրկված է ընթացիկ աշխատանքներում և բեղմնավոր գործունեություն է ծավալել ժամանակակից, լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման և երկֆոտոն մանրադիտակի կայաններում: Աշխատանքները ընթանում են Ա. Երեմյանի (Օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայի ղեկավար) անմիջական ղեկավարությամբ: Պրակտիկայի նախնական ծրագիրը հետևյալն է.
«ԱՐԵԱԼ» արագացուցիչ.
- Լազերով ղեկավարվող գծային արագացուցիչների և դրանց կիրառությունների ներածություն. «ԱՐԵԱԼ» արագացուցչի հիմնական բաժինները և դրանց առանձնահատկությունները, չափման և ղեկավարման եղանակները:
- «ԱՐԵԱԼ» ֆեմտովայրկյանային լազերային համակարգի ղեկավարումը. լազերի օպտիկական, էլեկտրոնային և ծրագրային ապահովման կառավարում, լազերի պարամետրերի դիտարկում:
- «ԱՐԵԱԼ» թիմի օժանդակում և ընթացիկ փորձերում մասնակցություն որպես ֆեմտովայրկյանային լազերի օպերատոր:
«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի կայան.
- Միա- և երկֆոտոն ֆլուորեսցենտային մանրադիտակների ու դրանց կենսաբանական կիրառությունների ներածություն. երկֆոտոն մանրադիտակի առանձնահատկությունները:
- Երկֆոտոն մանրադիտակով աշխատելու ուսուցում և հմտությունների ձեռքբերում. «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի կայանի աշխատանքի կառավարում, նմուշի պատրաստում/ չափում, ծրագրային ապահովման վերլուծություն:
- Փորձերի իրականացման ընթացքում «ՔԵՆԴԼ»-ի անձնակազմի օժանդակում:
«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման կայան.
- Նյութերի՝ ֆեմտովայրկյանային լազերով մշակման ներածություն. ներկայիս և հեռանկարային կիրառությունների բնագավառներ:
- «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման կայանի աշխատանքի կառավարում, օպտիկայի ճշտադրում, լազերի փնջի պարամետրերի չափումներ, միկրոմշակման գործընթացի ծրագրային ապահովման կառավարում:
- Տարբեր նյութերի մակերևույթների վրա միկրոկառուցվածքային նմուշների լազերային մշակում և ծրագրային ապահովման ստեղծում:
- Աշխատանքների վերաբերյալ տեխնիկական զեկույց: