Հունվար 25, 2019

Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցը

Հունվարի 25-26, Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությունը, խորհրդի նախագահ պրոֆ. Մասիմո Ինգուշոյի ղեկավարությամբ, պաշտոնական այցով Հայաստանում էր՝ քննարկելու գիտական նախագծերի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները:

Հունվարի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին հյուրընկալվել հետազոտական խորհրդի պատվիրակությունը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն և գիտության կոմիտեի նախագահ պրոֆ. Սամվել Հարությունյանը:

Ինստիտուտի հիմնադրման պատմությունը ներկայացնելուց հետո հյուրերին առաջարկեցին ծանոթանալ ԱՐԵԱԼ արագացուցչի և ԴԵԼՏԱ լաբորատորիայի ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև առկա ժամանակակից սարքավորումներին: Այնուհետև, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խումբը ներկայացրեց ԴՆԹ-ի վնասման/վերականգնման շուրջ կատարվող հետազոտության վերջին ձեռքբերումները:

Պաշտոնական այցի շրջանակներում, հունվարի 26-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր գիտաժողով: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, Գիտությունների ազգայի ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆ. Մասիմո Ինգուշոն:

Գիտաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն պրոֆ. Վ. Ցականովը՝ ներկայացնելով գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում ԱՐԵԱԼ արագացուցչի ընձեռած հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև ԱԴՐԵՆԱԼԻՆ ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցության հնարավորություններին: ԱԴՐԵՆԱԼԻՆ-ը (ADRENALIN-Accelerator Driven Research for European Neighborhood Advancement in Launching Interdisciplinary Network) երեք ԵՄ գործընկերների (Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ INFN (Իտալիա), ԴԵՍԻ ազգային գիտական լաբորատորիա (Գերմանիա) և Ազատ էլեկտրանային լազերների լաբորատորիա FELIX (Նիդերլանդներ)) հետ համատեղ ջանքերով մշակած նախագիծ է, որը ներկայացվել է ՀՈՐԻԶՈՆ 2020 TWINNING ծրագրին:

.