Ապրիլ 24, 2019
Արշամ Երեմյանի գլխավորած հետազոտական խումբը «ՔԵՆԴԼ» ինստիտուտում հաջողությամբ ավարտել է ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա միմյանցից պիկովայրկյաններով անջատված էլեկտրոնային թանձրուկների ստացման համար նախատեսված համակարգի ստեղծման և գործարկման աշխատանքները։ Նոր համակարգի հիմքում ընկած է ԱՐԵԱԼ արագացուցչի լազերի ելքին տեղադրված փոփոխական հապաղման գծի աշխատանքի հետևյալ սկզբունքը՝ հապաղման գծով անցնելով՝ յուրաքանչյուր լազերային ազդակ տրոհվում է ըստ ժամանակի տարանջատված երկու ազդակների, որոնք այնուհետև օգտագործվում են էլեկտրոնային թանձրուկների հաջորդականություն ստանալու համար:
Էլեկտրոնային թանձրուկների միջև հապաղումը հնարավոր է փոփոխել զրոյից մինչև տասնյակ պիկովայրկյանների միջակայքում: Բացի այդ, երկու թանձրուկների լիցքերի հարաբերակցությունը կարելի է հասցնել ցանկալի արժեքի՝ լազերի ազդակների զույգի էներգետիկ կոնտրաստի ճշգրիտ կարգաբերմամբ:
Նման էլեկտրոնային թանձրուկների առկայությունը՝ ճառագայթվող կենսաբանական և անօրգանական նյութերի մեջ անցումային երևույթների ուսումնասիրման, արագացուցիչների հանդեպ նոր մոտեցումների ոլորտներում մի շարք կիրառությունների և գիտափորձերի իրականացման լայն հնարավորություն է բացում: