Նոյեմբեր 15, 2016
Պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովի (Ա. Ի. Բուռնազյանի անվ. Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն) և ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ պրոֆ. Ռ. Հարությունյանի (գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանության ֆակուլտետ, ԵՊՀ) կողմից գլխավորվող գիտնականների միջազգային խումբը «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող արագացուցչի վրա սկսել է ճառագայթային կենսաբժշկության շուրջ իրականացվող հետազոտական աշխատանքները: Ծրագիրը ներառում է գերկարճ ռելյատիվիստիկ էլեկտրոնային ազդակների՝ կենսաբանական օբյեկտների հետ փոխազդեցության, մոլեկուլային գենետիկ էֆեկտների, գերարագ ճառագայթման ներքո ԴՆԹ-ի վնասման և վերականգնման դինամիկայի ուսումնասիրություններ և նոր մեթոդների մշակում:
«Առաջին արդյունքները արդեն իսկ գերազանցել են մեր սպասումները և մենք պլանավորում ենք մի շարք ուսումնասիրություններ իրականացնել՝ կապված ժամանակակից ճառագայթային բժշկության ամենակարևոր խնդիրների հետ՝ օգտագործելով «ԱՐԵԱԼ» արագացուցչի՝ ռելյատիվիստիկ գերկարճ էլեկտրոնային ազդակներ արձակելու բացառիկ հնարավորությունները: Գերկարճ ազդակները թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ փորձեր և բջջային ու մոլեկուլային մակարդակներում հետազոտել փոխազդեցությունների դինամիկան: Սա շատ կարևոր է կենսաբանական համակարգերի մի շարք գործընթացների խորը ըմբռնման համար»,- ասում է պրոֆ. Ա. Ն. Օսիպովը: