Ապրիլ 27, 2012
«ՔԵՆԴԼ» նախագիծը համակարգող հանձնաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներին, դրանց ընթացքին և սպասվող իրադարձություններին ծանոթանալու նպատակով Տիգրան Սարգսյանը շրջայց կատարեց:
Ներկայացվեցին «ՔԵՆԴԼ» նախագծի առաջընթացը և դրա առաջին փուլի իրագործումը՝ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի կառուցումը: Մասնավորապես նախորդ ամիսների ընթացքում մի շարք հանդիպումներ էին անցկացվել և համագործակցության համաձայնագրեր էին կնքվել Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ: Որպես արդյունք եզակի բարձր տեխնոլոգիաներով սարքավորումներ են նվիրաբերվել և նվիրաբերվելու են «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի կառուցման համար: «ԱՐԵԱԼ»-ի շահագործումը նախատեսվում է 2013թ.-ին: Վերապատրաստվելու և փորձ ձեռք բերելու նպատակով «ՔԵՆԴԼ»-ում աշխատող մի շարք երիտասարդ հետազոտողներ գործուղվել են եվրոպական առաջադեմ արագացուցչային լաբորատորիաներ:
Վարչապետը համապատասխան նախարարությունների ղեկավարներին հրահանգեց, որ «ՔԵՆԴԼ» նախագիծը ընդգրկեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության առաջնահերթ նպատակների մեջ:
«ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը կարձակի գերկարճ ցածր էմիտանսով էլեկտրոնային փնջեր, ինչը հեռանկարային ուղղություն է փնջերի ֆիզիկայում և բազմաթիվ առաջադեմ լաբորատորիաների թիրախում է գտնվում: Նախագիծը իրականացվում է Գերմանիայի «ԴԵԶԻ» արագացուցչային կենտրոնի և Շվեյցարիայի Փոլ Շերեր Ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ: