Նոյեմբեր 3, 2026
Ս. թ. Նոյեմբերի 2-ին «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում հաջողությամբ ավարտվել է ադդիտիվ արտադրության մեթոդով ստացված պղնձյա մեքենամասերի խմբաքանակի վերջնական մշակման կարևորագույն փուլը՝ եռակալումը։ Աշխատանքներն իրականացվել են ինստիտուտում գործող ժամանակակից STUDIO SYSTEM+ սարքավորումների խմբի միջոցով: Համալիրը ներառում է տեխնոլոգիական ամբողջական շղթա ապահովող երեք հիմնական բաղադրիչ.
– Մետաղական տպիչ՝ բարդ երկրաչափական կառուցվածքով դետալների շերտ առ շերտ ձևավորման համար,
– Քիմիական զտման սարքավորում՝ տպագրված նմուշների նախնական մշակման և կապակցող նյութերի հեռացման նպատակով,
– Եռակալման վառարան՝ բարձրջերմաստիճանային մշակման միջոցով դետալների վերջնական խտացման և բարձր ամրության ապահովման համար։
Ադդիտիվ տեխնոլոգիաների կիրառումն այս համալիրի միջոցով թույլ է տալիս ստանալ բարձր ճշգրտության և որակի բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են գիտափորձարարական և ինժեներական խնդիրների լուծման համար: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները նպաստում են ինստիտուտի գիտատեխնիկական ներուժի զարգացմանը և ժամանակակից արտադրական մեթոդների ներդրմանը:

