Հոկտեմբեր 6, 2026
Ս.թ. հոկտեմբերի 3-ից 11-ը «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հյուրընկալում է ամենամյա «Հայ-գերմանական ուսանողական գործնական դասընթաց»-ի մասնակիցներին: Դասընթացն իրականացվում է Գերմանիայի DESY գիտական կենտրոնի, Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի համագործակցությամբ։
2019 թվականին մեկնարկած դասընթացը ուսանողներին եզակի հնարավորություն է ընձեռում գործնական փորձ ձեռք բերելու արագացուցիչների վրա հիմնված հետազոտությունների ոլորտում և տեսական գիտելիքները կիրառելու իրական փորձարարական միջավայրում։
Այս տարի ծրագրին մասնակցում է Համբուրգի համալսարանի 15 և Երևանի պետական համալսարանի 9 ուսանող։ Հայ և գերմանացի պրոֆեսորների ու գիտաշխատողների ղեկավարությամբ մասնակիցներն իրականացնում են փորձեր՝ օգտագործելով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ԱՐԵԱԼ էլեկտրոնային արագացուցիչը։
Դասընթացի նպատակն է ամրապնդել ուսանողների տեսական և գործնական գիտելիքները, զարգացնել նրանց հետազոտական և փորձարարական հմտությունները, ինչպես նաև հնարավորություն տալ արժեքավոր փորձ ձեռք բերելու ժամանակակից գիտական սարքավորումների հետ աշխատելու ոլորտում։ Միևնույն ժամանակ, այն կարևոր հարթակ է Հայաստանի և Գերմանիայի միջև միջազգային գիտական համագործակցության և փորձի փոխանակման համար։
Տարիների ընթացքում ձևավորված այս համագործակցության շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում ոչ միայն խորացնելու իրենց գիտելիքները արագացուցչային ֆիզիկայի և հարակից հետազոտական ուղղությունների վերաբերյալ, այլև ստեղծելու մասնագիտական կապեր և գնահատելու միջազգային գիտական միջավայրում աշխատելու կարևորությունն ու արժեքը։

