Օգոստոս 28, 2026
2026 թվականի օգոստոսի 16-21-ը Կորեայի Հանրապետությունում անցկացվել է LINAC2026 գծային արագացուցիչների 33-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է ՔԵՆԴԼ Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի (ՔԵՆԴԼ ՍՀԻ) «Կառավարման համակարգեր» խմբի ավագ լաբորանտ Հայկ Սարգսյանը։
Գիտաժողովի շրջանակում Հայկ Սարգսյանը ներկայացրել է իր գիտական աշխատանքը և արժանացել «Լավագույն պաստառ» մրցանակին:
LINAC գիտաժողովների շարքը գծային արագացուցիչների մասնագետների համաշխարհային հանրության կարևորագույն միջազգային իրադարձություններից է, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ։ Այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց հետազոտությունները, ծանոթանալու գծային արագացուցիչների հետազոտության, զարգացման և կիրառությունների ոլորտներում արձանագրված վերջին գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումներին, ինչպես նաև համագործակցություններ հաստատելու միջազգային գործընկերների հետ։
Հավատարիմ մնալով իր երկարամյա ավանդույթին՝ LINAC2026-ը ներառել է հրավիրված և ներկայացվող զեկուցումներ, պաստառային նիստեր, ինչպես նաև արդյունաբերական ցուցահանդես։ Գիտական ծրագիրը լրացվել է սոցիալական և մշակութային միջոցառումների հարուստ ծրագրով, որը մասնակիցներին հնարավորություն է տվել ոչ պաշտոնական միջավայրում փոխանակելու գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ծանոթանալու կորեական մշակույթին։
Համաժողովը հատուկ ուշադրություն է դարձրել ուսանողների և իրենց մասնագիտական գործունեությունը նոր սկսած հետազոտողների մասնակցությանը՝ խրախուսելով նրանց ակտիվ ներգրավվածությունը գիտական քննարկումներում և նախատեսելով մի շարք կրթաթոշակներ՝ մասնակցությանն աջակցելու նպատակով.
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն շնորհավորում է Հայկ Սարգսյանին այս կարևոր գիտական ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ միջազգային գիտական հարթակներում։

