Դեկտեմբեր 30, 2016
Հաստատվել է ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամի (հայտնի` որպես «Բորտնիկի Հիմնադրամ», Ռուսաստան) և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված միջազգային մրցույթին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի (Հայաստան) և «ԱՎԵՍՏԱ» ընկերության (Տրոիցկ, Ռուսաստան) կողմից ներկայացված ռուս-հայկական համատեղ ««ԱՐԵԱԼ» արագացուցչում գերարագ պրոցեսների ուսումնասիրության համար լազերային տեխնոլոգիաների մշակումը» նախագիծը: «ԱՎԵՍՏԱ»-ն գերարագ լազերների, դիագնոստիկ համակարգերի և սպեկտրոսկոպիայի բնագավառներում ռուսական առաջատար ընկերություն է համարվում (http://www.avesta.ru):
Գերճշգրիտ կոհերենտ գերկարճ ֆոտոնային փնջերի աղբյուրների մշակումը շատ կարևոր ուղղություն է ատոմային և մոլեկուլային մակարդակներում գերարագ պրոցեսների ուսումնասիրման, հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման համար:
«ԱՐԵԱԼ»-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի կողմից իրականացվող 20-50 ՄէՎ էներգիայով լազերային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչի նախագիծ է: Համակարգը նախատեսված է փոքր էմիտանսով գերկարճ էլեկտրոնային փնջերի ստացման համար, որոնք օգտագործվելու են մասնիկների արագացման նոր մեթոդների, կոհերենտ ճառագայթման գեներացման և կյանքի մասին գիտություններում ու նյութագիտության բնագավառներում առաջատար հետազոտություններում: 2015թ.-ին գործարկվեց նախագծի առաջին փուլը. լազերով ղեկավարվող 5 ՄէՎ էներգիայով ԳԲՀ էլեկտրոնային թնդանոթը և միկրոմշակման ու մանրադիտակի կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիան:
Տվյալ նախագծի նպատակն է առաջատար լազերային տեխնոլոգիաների ուսումնասիրումը, զարգացումը և օգտագործումը՝ գերարագ պրոցեսների հետազոտությունների համար:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է.
- «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա սպոնտան ինքնաուժեղացվող (SASE) ազատ էլեկտրոնային լազերի (ԱԷԼ) գեներացման հետազոտություն, համաժամանակեցման ու կառավարման համակարգերի մշակում («ՔԵՆԴԼ» ՍՀԻ):
- «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային թնդանոթի հետ համաժամանակեցված, սպեկտրի ինֆրակարմիր և տերահերցային տիրույթներում ֆեմտովայրկյանային ժամանակային լուծողունակությամբ ստենդի կառուցում՝ գերարագ պրոցեսների գրանցման համար («ԱՎԵՍՏԱ» գիտահետազոտական ընկերություն):
Նախագծի իրականացման արդյունքները հիմք կհանդիսանան «ԱՐԵԱԼ» արագացուցչում սպոնտան ինքնաուժեղացվող հզոր ԱԷԼ-ի, նոր էլեկտրոնային ու ֆոտոնային ճշգրիտ փնջերի գեներացման ու գրանցման մեթոդների ստացման համար, նաև թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել բազմաֆոտոնային մանրադիտակի, տերահերցային ճառագայթման և այլնի օգտագործմամբ գերարագ պրոցեսների ուսումնասիրությունները:
Նկարներում ներկայացված է պրոֆ. Ի. Մ. Բորտնիկի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ (Հուլիս, 2016):