Հուլիս 22, 2014
2014թ.-ի հուլիսի 22-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչի բացման հանդիսավոր արարողությունը: «ԱՐԵԱԼ» արագացուցիչը ստեղծվել է 2011-2013թթ.-ի ընթացքում գերմանական ԴԵԶԻ (DESY) արագացուցչային կենտրոնի և շվեյցարական Փոլ Շերրեր ինստիտուտի (PSI) հետ միջազգային սերտ համագործակցության արդյունքում: Դոկտոր Թերենս Գարվեի (PSI) կողմից գլխավորվող միջազգային տեխնիկական հանձնաժողովը խորհրդատվական աջակցություն էր ցուցաբերում արագացուցչի կառուցման համար: «ԱՐԵԱԼ» արագացուցչի բացման արարողությանը ներկա էին պետական համալսարանների, գիտական հետազոտական կենտրոնների ղեկավարներ, ճանաչված գիտնականներ, Հայաստանում արտերկրյա դիվանագիտական առաքելություններ իրականացնող դեսպաններ:
«ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) արագացուցիչն իրենից ներկայացնում է լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչ, որը օգտագործվում է մի քանի ՄԷՎ էներգիայով ռելյատիվիստիկ գերկարճ տևողությամբ լայնական փոքր փուլային ծավալով էլեկտրոնային փնջերի ստացման համար: Արագացուցիչը հնարավորություն է տալիս ժամանակակից հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և գերարագ գիտությունների ուսումնասիրման բնագավառներում: Այսօր, լինելով աշխարհի տարբեր առաջատար արագացուցչային լաբորատորիաների նպատակակետը, այս ուսումնասիրությունները մեզ հնարավորություն են տալիս ավելի խորացնել մեր գիտելիքները նանոչափ տարածությունում ընթացող գործընթացների մասին: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն իր մեջ ընդգրկում է լազերային ֆիզիկայի, ԳԲՀ, գերբարձր վակուումային տեխնիկայի, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, սուբպիկովայրկյանային տևողությամբ պրոցեսների վերահսկման և սինքրոնիզացիայի բնագավառների առաջատար տեխնոլոգիաները:
Գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆ. Սամվել Հարությունյանը և ԴԵԶԻ-ի պաշտոնական ներկայացուցիչ դոկտոր Վինֆրայդ Դեքինգը բացեցին հանդիսավոր արարողությունը:
Իր ողջույնի խոսքում պրոֆեսոր Ս. Հարությունյանը ասաց.
«Շնորհավորում եմ «ՔԵՆԴԼ» անձնակազմին և ամբողջ գիտական հանրությանը «ԱՐԵԱԼ» արագացուցչի բարեհաջող գործարկման կապակցությամբ: Սա գիտական և տեխնոլոգիական բեկումնային իրադարձություն է ոչ միայն «ՔԵՆԴԼ» ինստիտուտի, այլև ամբողջ երկրի համար: «ԱՐԵԱԼ» արագացուցչի կառուցումը բեկումնային քայլ է երկրում զարգացած գիտական հանրություն ստեղծելու համար: Շատ խրախուսող է այն, որ արագացուցչի կառուցումը իրականացվել է Գեմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, ինչը խորհրդատվական աջակցությունից և ուսուցումից բացի, նշանավորվեց նաև ժամանակակից սարքավորումների տրամադրմամբ: «ԱՐԵԱԼ» արագացուցիչը հնարավորություն է տալիս Հայաստանի գիտնականներին իրականացնել իրենց հետազոտությունները ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նյութագիտության բնագավառներում: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք ականատես կլինենք «ԱՐԵԱԼ»-ի գիտական ձեռքբերումներին»:
Դոկտոր Կլաուս Ֆլոթմանը միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի անունից և որպես REGAE արագացուցչի ղեկավար (ԴԵԶԻ, Գերմանիա) ներկայացրեց իր սեղմ զեկույցը և շնորհավորանքները. «Միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի անունից թույլ տվեք շնորհավորեմ մեզ Հայաստանում «ԱՐԵԱԼ» արագացուցչի բարեհաջող գործարկման կապակցությամբ: Հանձնաժողովի անդամները ցնցված են այսքան կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքի մակարդակով: Հայ գիտնականների և ինժեներների խումբը նախագծել և կառուցել է համաշխարհային պահանջներին համապատասխանող արագացուցիչ: Չնայած այն փաստին, որ արագացուցիչը փոքր է, այնուամենայնիվ, այն կարող է արտադրել ճշգրիտ էլեկտրոնային փնջեր, որոնք կօգնեն առաջավոր հետազոտություններ կատարել գերարագ գիտությունների բնագավառներում, որոնք հնարավոր չեն իրականացնել մեծ, բարձր էներգիայով արագացուցիչների օգնությամբ: Սարքավորման վրա կարելի է փորձարկել մի շարք մեթոդներ, ինչպիսիք են գերարագ էլեկտրոնային դիֆրակցիա, մղում-գրանցում (pump-probe) փորձ, իմպուլսային ռադիոլիզ, որպեսզի զարգացվեն բնական գիտությունների բազմաթիվ բնագավառներ՝ ստեղծելով միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ: «ԱՐԵԱԼ» նախագիծը հիմնովին փոխել է Հայաստանի մասին պատկերացումը, որպես մի երկիր, որը ունակ է նախագծել և կառուցել ժամանակակից արագացուցիչ: «ԱՐԵԱԼ»-ը իրականում պարունակում է այն բոլոր ենթահամակարգերը, որոնք կան մեծ արագացուցիչներում: Այդ իսկ պատճառով «ԱՐԵԱԼ» արագացուցչի ստեղծմամբ «ՔԵՆԴԼ» ինստիտուտը ապացուցեց, որ կարող է նախագծել, պատրաստել և գործարկել մեծ մասշտաբային արագացուցիչներ: Մենք խորապես համոզված ենք, որ «ԱՐԵԱԼ»-ը գիտական մեծ արժեք է ներկայացնում և դրա բարեհաջող զարգացումը կնպաստի ձեր գեղեցիկ երկրի գիտական և տեխնոլոգիական առաջխաղացմանը: Մենք «ՔԵՆԴԼ» թիմին ցանկանում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»:
Դոկտոր Վինֆրայդ Դեքինգը (Գերմանիա) հանդես եկավ ԴԵԶԻ գերմանական արագացուցչային կենտրոնի անունից՝ ասելով. «Հայաստանի և Գերմանիայի համագործակցությունը արագացուցչային ֆիզիկայի շրջանակներում ունի երկար և բեղումնավոր պատմություն: Տասնամյակներ շարունակ հայ գիտնականները մասնակցել են ԴԵԶԻ-ի ծրագրերին և արդեն մեծ վստահություն են ձեռք բերել: Եվ այսօր, Հայաստանում «ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկմամբ մենք ականատես ենք լինում այդ համագործակցության հաղթական արդյունքին: «ԱՐԵԱԼ»-ը ժամանակակից արագացուցիչ է, որը համապատասխանում է համաշխարհային բոլոր ստանդարտներին: Մենք խրախուսվել ենք համագործակցության արդյունքներով և սպասում ենք արագացուցչային տեխնոլոգիաների բնագավառում «ԱՐԵԱԼ»-ի կողմից առաջարկվող նոր հնարավորություններին: Ես ուզում եմ առանձնացնել այն փաստը, որ «ԱՐԵԱԼ»-ի բարեհաջող գործարկումը բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանին ստեղծելու չորրորդ սերնդի ճառագայթման աղբյուրներ, քանի որ այս նոր արագացուցիչի գերկարճ էլեկտրոնային փնջեր արձակելու կարողությունը հնարավորություն է տալիս ստեղծել նոր արագացուցչային տեխնոլոգիաներ: Մենք շնորհավորում ենք «ՔԵՆԴԼ»-ի թիմին և Հայաստանի գիտական հանրությանը այս նոր ձեռքբերման կապակցությամբ և անհամբեր սպասում ենք հետագա համագործակցության՝ ի բարօրություն մեր երկրների»:
«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս ամսին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքերը զեկուցվել են Դրեսդենում կայացած մասնիկների արագացուցիչների միջազգային համաժողովում (Գերմանիա):