Հոկտեմբեր 31, 2019
Ռուսաստանի գիտական հիմնադրամի կողմից աջակցություն ստացած “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” նոր հետազոտական ծրագրի շրջանակներում, պրոֆ. Անդրեյան Օսիպովի (Ռուսաստան) և Ռուբեն Հարությունյանի (Հայաստան) կողմից ղեկավարվող գիտական խումբը International Journal of Molecular Sciences միջազգային ամսագրում հրատարակել է ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացրած փորձերի առաջին արդյունքները՝ N. Babayan, et al., “Laser-Driven Ultrashort Pulsed Electron Beam Radiation at Doses of 0.5 and 1.0 Gy Induces Apoptosis in Human Fibroblasts”, Int. J. Mol. Sci., 20, 5140, 2019:
Վերջին տասնամյակի ընթացքում զարգացող՝ լազերով ղեկավարվող սուբպիկովայրկյանային գերկարճ ազդակներով էլեկտրոնային փնջեր գեներացնող արագացուցիչները կիրառական նոր հեռանկարներ են բացում կենսաբանության և բժշկության բնագավառներում: Նմանատիպ արագացուցիչները բացառիկ հնարավորություն են ընձեռում ՄէՎ էներգետիկ դաշտում ուսումնասիրել գերկարճ ազդակներով էլեկտրոնային փնջերի ճառագայթման ազդեցությունը՝ ապահովելով փնջի բավարար կայունություն, վերարտադրելիություն և հուսալիություն, որոնք նպատակահարմար են ռադիոկենսաբանական փորձեր իրականացնելու համար:
Բարձր հզորությամբ ուղղորդված գերկարճ ազդակների ստացումը կարող է ապահովել ճառագայթման որոշակի չափաբաժնի ճշգրիտ տեղային ազդեցությունը հյուսվածքում: Հաշվի առնելով էլեկտրոնային փնջի սուբպիկովայրկյանային տևողությունը և համեմատելով այն բջիջներում ռադիոկենսաբանական ազդեցությունների տևողության հետ՝ հնարավոր է ճառագայթման նոր ազդեցություններ ի հայտ գան (շնորհիվ կարճ ազդակների)՝ ի վերջո հանգեցնելով ռադիոկենսաբանական արդյունավետության փոփոխման: Այնուամենայնիվ, դեռևս կա անհրաժեշտություն ուսումնասիրել գերկարճ ազդակներով էլեկտրոնային ճառագայթման ազդեցության հիմնական մեխանիզմները կենդանի բջիջներում, ինչը կնպաստի բժշկության մեջ վերջիններիս կիրառությանը:
Այս հետազոտության նպատակն էր ուսումնասիրել սուբպիկովայրկյանային ազդակներով էլեկտրոնային փնջի ճառագայթման ռադիոկենսաբանական ազդեցությունները in vitro պայմաններում: ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացված փորձերի արդյունքում ստացված նոր տվյալները վկայում են, որ գերկարճ էլեկտրոնային փնջերով ճառագայթումն առաջացնում է ԴՆԹ-ի ավելի բարդ վնասվածքներ, քան ռենտգենյան ճառագայթումը, ինչը հանգեցնում է բջիջների մահվան և ոչ՝ բջջագենետիկական խաթարումների կուտակման:
Վերոնշյալ հետազոտությանն անդրադարձ են կատարել նաև ռուսական մեծ լսարան ունեցող պարբերականներ газета.ru և Indicator: