Սեպտեմբեր 1, 2021
Այսօր՝ գիտելիքի և դպրության օրը, «ՔԵՆԴԼ» ինստիտուտն իր դռներն էր բացել 6-րդ միջազգային “Frontiers in Optics & Photonics” (FOP-2021) դպրոցի մասնակիցների առջև։ Օպտիկայի տարբեր ճյուղերում աշխատող փորձառու և երիտասարդ գիտնականներին համախմբող միջազգային դպրոցը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ ՖՀԻ երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտի (ՖՀԻ) ուսանողական «IPR Armenia OSA Student Chapter» մասնաճյուղի, Օպտիկայի Միջազգային Հանձնաժողովի Հայկական Տարածքային Կոմիտեի (Armenian TC of ICO), ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ի, ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի, Հայ-Ռուսական Համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիայի և ԼՏ-ՊԻՐԿԱԼ-ի կողմից։ Դպրոցի օրակարգում են՝ ոլորտում վերջին զարգացումների քննարկումներ, բանավոր զեկույցներ, մասնագիտական դասախոսություններ, լաբորատորիաների այցեր, փորձերի ցուցադրություններ և այլն։
«ՔԵՆԴԼ» ինստիտուտում դպրոցի մասնակիցների համար կազմակերպվել էր գիտական այց, որի ընթացքում ինստիտուտի երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվեցին գործող լաբորատորիաները, փորձարարական կայանները, ինչպես նաև հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ տարածաշրջանում գործող միակ ԱՐԵԱԼ արագացուցչի ընձեռած հետազոտական հնարավորություններին։ Սույն այցով ևս մեկ անգամ ամրապնդվեց գիտական համայնքի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը: