Ապրիլ 27, 2015
Դոկտոր Վահագն Ղարիբյանի այցելության ընթացքում («ԴԵԶԻ», Գերմանիա) քննարկվեցին «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում ապակու հիման վրա ստացված ցանցային միկրոկառուցվածքների օգտագործմամբ օպտիկական մրրիկների գեներացման շուրջ կատարված փորձերի արդյունքները: Օպտիկական մրրիկները գեներացվել էին ստացված ցանցերը Հե-Նե լազերի Գաուսյան փնջով լուսավորելու արդյունքում:
Օպտիկական մրրիկը լույսի փունջ է, որի փուլը տարածման ուղղությամբ պարուրաձև փոփոխվում է: Շատ հաճախ «ոլորված լույս» անվանումը ստացած այսպիսի փունջը կրում է ուղեծրային անկյունային իմպուլս և իր կենտրոնում զրոյական ինտենսիվություն է ի հայտ բերում շնորհիվ տարածման առանցքի ուղղությամբ գալարների փոխչեզոքացման: Տարածման ուղղությանը ուղղահայաց հարթության վրա օպտիկական մրրիկը կենտրոնում սև կետ ունեցող լույսի շրջանակի տեսք ունի: Մի շարք հետաքրքիր հատկությունների շնորհիվ օպտիկական մրրիկները ուսումնասիրվում են օպտիկական ունելիքների, STED մանրադիտակների, օպտիկական կորոնագրաֆիայի և այլ բնագավառներում կիրառելու նպատակով:
«ԴԵԼՏԱ» լաբորատորիայում ցանցային միկրոկառուցվածքների ստացման համար կիրառված մեթոդը հիմնվում է համակարգչի միջոցով գեներացված «պատառաքաղի» տեսք ունեցող հոլոգրամների վրա, որոնք իրենցից ներկայացնում են հարթ ալիքի փուլային ինտերֆերենցիային և ուղեծրային անկյունային իմպուլս կրող փնջին համապատասխանող մոդելավորված պատկերներ: Մոդելավորված ցանցային պատկերները վերարտադրվում են ապակու վրա լազերային փորագրմամբ՝ օգտագործելով «ԱՐԵԱԼ» բարձր հաճախականությամբ գերարագ լազերի երկրորդ հարմոնիկը (512 նմ) և գերճշգրիտ PC համակարգչային ղեկավարմամբ միկրոմշակման կայանը:
Օգտվելով այն առավելությունից, որ, շնորհիվ գերարագ լազերային մշակման, նյութերի ջերմային տաքացումը նվազում է, ապակու վրա օպտիկական մրրկների տարբեր տոպոլոգիական լիցքերին համապատասխանող բազմազան պատկերներով միկրոցանցեր են փորագրվել:
«ԴԵԼՏԱ» լաբորատորիայում ապակու վրա ճշգրիտ պատկեր մշակելու հնարավորությունը թույլ կտա բարձր ինտենսիվությամբ ֆոտոնային փնջերով որակյալ օպտիկական մրրիկներ ստեղծել, ինչը զգալիորեն ընդլայնում է այս օպտիկական էլեմենտների գործածման հնարավորությունները: