Սեպտեմբեր 27, 2013
Բարեհաջող ավարտվել է “Amplitude Systèmes” ֆրանսիական ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» համակարգի համար նախագծված ուլտրամանուշակագույն, գերարագ և բարձր էներգիայով լազերի տեղադրումն ու պարամետրերի ստուգումը: Լազերի լույսը 258 նմ ալիքի երկարության վրա կլուսարձակի ԳԲՀ թնդանոթով ֆոտոկատոդը՝ միա- և բազմաթանձրուկային աշխատանքային ռեժիմներում ենթապիկովայրկյանային տևողությամբ փոքր էմիտանսով էլեկտրոնային թանձրուկներ ստեղծելու նպատակով: Չափազանց ցածր փնջային էմիտանսով գերկարճ էլեկտրոնային թանձրուկների ստացումը նոր հնարավորություններ է բացում արագացուցչային հասկացությունների, կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և ատոմային ու մոլեկուլային մակարդակներում գերարագ գործընթացների ուսումնասիրման համար: