Սեպտեմբեր 13, 2019
Սննդի ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սննդի ճառագայթումը՝ առևտրային սննդի մեջ որոշակի մանրէների առաջացման վերահսկման արդյունավետ մեթոդ է: Նմանատիպ ճառագայթումն ունի մի շարք առավելություններ՝ սննդային պաթոգենների արդյունավետ վերահսկողություն, մրգերի և բանջարեղենի հասունացման դանդաղեցում, դրանցում վնասատուների ոչնչացում, բողբոջման կանխում և քիմիական ախտահանիչների փոխարինում:
Աստղիկ Փեփոյանի կողմից ղեկավարվող խումբը ուսումնասիրել է ԱՐԵԱԼ արագացուցչի էլեկտրոնային փնջի ճառագայթման ազդեցությունը բջջային մակերևութային հիդրոֆոբության և պրոբիոտիկի կենսաֆիլմի ձևավորման հնարավորությունների վրա: Հետազոտման արդյունքները հրատարակվել են Springer Journal “Probiotics and Antimicrobial Proteins” ամսագրում (A. Pepoyan, et al., “Low-Dose Electron-Beam Irradiation for the Improvement of Biofilm Formation by Probiotic Lactobacilli”, Probiotics and Antimicrobial Proteins, p. 1-5, Springer, DOI:10.1007/s12602-019-09566-1, 2019).
Պրոբիոտիկները բնորոշվում են որպես կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք համապատասխան քանակով կիրառվելու դեպքում օգտակար են: Դրանք օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթավորման, ինչպես նաև սննդի արտադրության ժամանակ՝ պաթոգենները վերահսկելու համար: Ցածր դոզայով էլեկտրոնային ճառագայթման տեխնոլոգիայի և պրոբիոտիկ լակտոբացիլների համակցված օգտագործումը, որոնք դիմացկուն են էլեկտրոնային ճառագայթման հանդեպ և պահպանում են իրենց հատկություններն անգամ վերամշակումից հետո, կարող է բարձրացնել ստերիլիզացման և սննդի փաթեթավորման գործընթացների արդյունավետությունը: Ի տարբերություն ճառագայթման բարձր դոզաների՝ սա համեմատաբար ավելի մատչելի և «մաքուր» այլընտրանք է սննդային միջավայրում միկրոօրգանիզմների ղեկավարման համար: