Ապրիլ 28, 2020
Տերահերցային հաճախության տիրույթում մասնիկների ճառագայթման ժամանակակից աղբյուրների և կոմպակտ արագացուցիչների մշակումը հանդիսանում է 2019 թ.-ի աշնանը «ԴԵԶԻ» գիտական կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև կնքված հռչակագրի կարևորագույն և հեռանկարային ուղղություններից մեկը:
Դիէլեկտրիկով պատված կառուցվածքները հանդիսանում են տերահերցային տիրույթում ապագա կոմպակտ գծային արագացուցիչների և կոհերենտ ճառագայթման աղբյուրների հնարավոր տարբերակներ: Տերահերցային ճառագայթման և արագացման համար նախատեսված ապագա մոդուլի օպտիմալ կոնֆիգուրացիան ստանալու համար «ԴԵԶԻ» և «ՔԵՆԴԼ» ինստիտուտների համատեղ ջանքերով ուսումնասիրվել են դիմադրող պատերով, դիէլեկտրիկ և մետաղ-դիէլեկտրիկ ալիքատարի էլեկտրադինամիկ հատկությունները՝ իր կորուստներով: Ցույց է տրվել, որ նոր տեսակի բազմաշերտ կառուցվածքում, ի տարբերություն սովորական բազմամոդ դիէլեկտրիկ կառուցվածքների, առկա է միայն մեկ սինքրոն TM01 հիմնական մոդա: Հետազոտության արդյունքները հրատարակվել են American Physical Society: Physical Review–Accelerator and Beams ամսագրում (M. I. Ivanyan, L. V. Aslyan, K. Floettmann, F. Lemery, and V. M. Tsakanov, “Wake fields in conducting waveguides with a lossy dielectric channel”, Phys. Rev. Accel. Beams 23, 041301):
Նոր միամոդ կառուցվածքն ընդամենը մեկ TM մոդա ունի, որը շարժվում է լիցքի հետ համաժամանակացված և ունի լույսի արագությանը հավասար փուլային արագություն: Ստացված արդյունքները, մոնոքրոմատիկ կոհերենտ տերահերցային ճառագայթման գեներացման և կայուն արագացման տեսանկյունից, շատ կարևոր են, քանի որ բարձր կարգի մոդաները լայնացնում են էմիսիայի սպեկտրը և բացասաբար են ազդում փնջի դինամիկայի վրա: Ապագա տերահերցային կոհերենտ ճառագայթման աղբյուրների և մեծ գրադիենտով արագացուցիչների համար նախատիպային մոդուլ ստեղծելու նպատակով նախատեսվում է նոր կառուցվածքի փորձարարական ուսումնասիրություններն իրականացնել ARES (ԴԵԶԻ) և AREAL (ՔԵՆԴԼ) արագացուցիչների վրա: