Փետրվար 14, 2014

Նոր դանդաղ վազող միակ ալիքի կառուցվածքի ներկայացումը

2014թ.-ի փետրվարին «Physical Review Special Topics» ժողովածուում տպագրված դոկտոր Միքայել Իվանյանի հոդվածում ներկայացվել է TM10 դանդաղ վազող ալիքի նոր արագացնող կառուցվածքը:

Նոր տեսակի դանդաղ վազող ալիքային կառուցվածքի ուսումնասիրությունը պայմանավորված է կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և առաջատար արգացուցչային գաղափարների զարգացմամբ: Պարբերական կամ դիէլեկտրիկ կառուցվածքները ներկայումս ամենահայտնի դանդաղալիքային կառուցվածքներն են, որոնք բնորոշվում են անվերջ թվի գրգռված մոդաներով:

Նոր տեսակի դանդաղ վազող ալիքային կառուցվածքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ռելյատիվիստիկ լիցքը գրգռում է միայն սինխրոն մոդան: Ճառագայթված էներգիան այնուհետև բարեհաջող կուտակվում է միակ մոդայում, և կարճ թանձրուկի համար տվյալ կառուցվածքը ծառայում է որպես կոհերենտ մոնոխրոմատիկ ճառագայթման աղբյուր:

Նոր կառուցվածքը բաղկացած է մետաղյա խողովակից, որը ներսից ծածկված է ցածր հաղորդականության բարակ շերտով: Ցույց է տրված, որ ներսից կաղապարված մետաղյա խողովակի իմպեդանսը բարձր հաճախականության դեպքում նեղշերտ մեկ ռեզոնանս ունի: Ստացվել են նեղշերտ ռեզոնանսի, կիլվատերային (wake) ֆունկցիայի և սինխրոն մոդայի հաճախության անալիտիկ տեսքերը: Հոդվածի հիմնական արդյունքները վավերացված են ճշգրիտ թվային սիմուլյացիաներով:

Նոր միամոդալ կառուցվածքի փորձարարական ուսումնասիրությունը նախատեսվում է կատարել «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա: Ուսումնասիրությունը նպատակ ունի վավերացնել ստացված արդյունքները, զարգացնել նոր միամոդալ արագացուցչային կառուցվածքներ, ՏՀց հաճախային տիրույթում մոնոխրոմատիկ ճառագայթման նոր աղբյուրներ և գերկարճ թանձրուկների երկարությունների չափման միջոցներ:

graph-feb1414