Նոյեմբեր 8, 2021

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, պաշտոնական այց ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Պատվիրակության կազմում էին նաև ՌԳԱ փոխնախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Մակարովը, ՌԳԱ նախագահի տեղակալ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը, ՌԳԱ նախագահի քարտուղարության ղեկավար Վալերիա Բելյանինան  և ՌԳԱ միջազգային կապերի վարչության ղեկավարի տեղակալ Օլգա Գլուխովցևան: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ ԳԱԱ բնական գիտություններ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, պրոֆ․ Ռուբեն Հարությունյանը:

Ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի հիմնական գիտահետազոտական հետաքրքրություններից մեկը ֆեմտովայրկյանային լազերների ֆիզիկան է, այդ իսկ պատճառով վերջինիս համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «ՔԵՆԴԼ» ինստիտուտ այցելությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեցին «ՔԵՆԴԼ»-ում գործող լաբորատորիաները և փորձարարական կայանները: «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը խոսեց ինստիտուտի այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք առաջարկվում են հայաստանյան և միջազգային գիտական համայնքներին: Վերջիններս՝ ոլորտի առաջատար և ժամանակակից փորձեր իրականացնելու աննախադեպ հնարավորություն են ունենում: Ինչպես նաև, հատուկ ուշադրություն տրվեց միջազգային համագործակցության հաստատման և պահպանման կարևորությանը:

ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևը մեծ պատրաստակամություն հայտնեց ապագայում պլանավորված միջոցառումների և նախագծերի շրջանակներում համագործակցել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հետ` նվիրելով «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի» մեդալ: ՔԵՆԴԼ թիմն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությանն այցելության համար: