Ապրիլ 9, 2015
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետազոտական խումբը (միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն, կիբեռնետիկայի ֆակուլտետ, ՀԱՊՀ) Նորայր Մարտիրոսյանի ղեկավարությամբ «ԱՐԵԱԼ էլեկտրոնային փնջի ճառագայթմամբ ֆերոէլեկտրական նանոթաղանթների բնութագրերի բարելավման հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա հաջողությամբ սկսել է երկարաժամկետ հետազոտական աշխատանքները: Այս հետազոտության նպատակը բազմաֆունկցիոնալ ֆերոէլեկտրական նանոթաղանթների բնութագրիչ հատկությունների (դիէլեկտրիկական թափանցելիության, աշխատանքային հաճախականության, մնացորդային բևեռացման և կորուստների անկյան տանգենսի) բարելավումն է, որոնք կարևոր դեր են խաղում միկրոէլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիայի զարգացման մեջ:
Քանի որ թթվածնի վականսիաները ֆերոէլեկտրական թաղանթներում ցուցաբերում են «դոնորային» խառնուրդներին հատուկ վարք ու դրանց համապատասխան էներգետիկ թակարդային մակարդակներն ընկած են հաղորդականության գոտու հատակին մոտ՝ արգելման գոտում, և ոչ բոլոր մակարդակներն են զբաղված, ապա էլեկտրոնային փնջի ռմբակոծման արդյունքում այդ էլեկտրոնային չզբաղված թակարդային մակարդակները կգրավվեն էլեկտրոններով: Դա կբերի թթվածնի վականսիաներով պայմանավորված տեղային բևեռացված տիրույթների քանակի և լոկալ էլեկտրական դաշտի նվազմանը, և արդյունքում արդյունարար դիէլեկտրիկ թափանցելիության աճմանը, որն, իր հերթին, կուղեկցվի կորուստների անկյան տանգեսի նվազեցմամբ, աշխատանքային հաճախականության և մնացորդային բևեռացման աճմանը, ինչպես նաև էներգաանկախ հիշասարերի «ծերացման» երևույթների կանխարգելման-լավարկմանը: