Հուլիս 27, 2017
Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի հետազոտողների գիտական խումբը (ղեկավար՝ պրոֆ. Ռուբեն Հարությունյան (ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ)) ուսումնասիրել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի 4 ՄէՎ էներգիայով գերկարճ սուբպիկովայրկյանային տևողությամբ էլեկտրոնային ազդակներով ճառագայթման ինտենսիվության ազդեցությունը մարդու բջիջներում ԴՆԹ-ի վնասման և վերականգնման վրա: Ստացված արդյունքները տպագրվել են Oxford Journal of Radiation Research (N. Babayan et al.,”Dose-rate effect of ultrashort electron beam radiation on DNA damage and repair in vitro”, J Radiat Res 1-4, July, 2017) ամսագրում:
Արհեստական պայմաններում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ միևնույն ինտենսիվության դեպքում, ի տարբերություն շարունակական, երկարատև ճառագայթման, իմպուլսային ճառագայթումը ավելի քիչ գենոմիկ անկայունություն է առաջացնում: Բնական պայմաններում իրականացված փորձերի տվյալները ցույց են տալիս, որ իմպուլսային, բարձր ինտենսիվությամբ էլեկտրոնային ճառագայթումը մեծացնում է նորմալ և ուռուցքային հյուսվածքների միջև դիֆերենցիալ արձագանքը: Այս արձագանքների հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմները դեռևս անհայտ են:
Հեղինակները նկատել են, որ ԴՆԹ-ի վնասման և վերականգնման ինտենսիվության ազդեցությունները պայմանավորված են ճառագայթման պահին առաջացող վնասվածքներով: Այն, որ մեծ ինտենսիվությամբ ճառագայթված բջիջներում ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնողականությունը ավելի ցածր է, քան փոքր ինտենսիվությամբ ճառագայթման դեպքում, կարող է պայմանավորված լինել ԴՆԹ-ի ավելի բարդ վնասվածքների ձևավորման հետ: Ստացված արդյունքները լրացնում են ռադիոկենսաբանական հետազոտությունների տվյալները՝ կապված ինտենսիվության ազդեցությունների մեխանիզմների հայտնաբերման հետ, և կարող են օգտակար լինել իմպուլսային գերկարճ էլեկտրոնային փնջերով ճառագայթման կլինիկական կիրառությունների համար ավելի էֆեկտիվ պարամետրերի մշակման նպատակով: