Մարտ 21, 2025
Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Լազիևը, ով Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի հիմնադիրներից մեկն էր։
Էդուարդ Մկրտչի Լազիևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 17-ին, Ախալցխայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և նույն թվականից միացել ԱՐՈՒՍ նախագծի իրականացման աշխատանքներին՝ պրոֆեսոր Յուրի Օրլովի խմբում։ Շուրջ 5 տարի՝ 1994-1999 թվականներին, եղել է ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) աշխատակից։
Պրոֆեսոր Լազիևը երկար տարիներ եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչային ֆիզիկայի բաժանմունքի ղեկավարը՝ միաժամանակ դասավանդելով Երևանի պետական համալսարանում՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 2002 թվականին նա միացել է ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի թիմին՝ մեծ եռանդով ձեռնամուխ լինելով իր ստեղծագործ գաղափարները, փորձն ու գիտելիքները ներդնելու արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի բնագավառում։
Իր 75-ամյակին պրոֆեսորը պարգևատրվել է հուշամեդալով՝ ի նպաստ ԵրՖԻ-ի կայացման և զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, 6 ԳէՎ էներգիայով ԱՐՈՒՍ արագացուցչի կառուցման, ինչպես նաև ԵրՖԻ-ի արագացուցչային բաժնի երկար տարիների ղեկավարման համար: Գիտնականի ծննդյան 90-ամյակին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն պարգևատրել է նրան հուշամեդալով՝ հայտնելով իր խորին երախտագիտությունը:
Մեծն գիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերել են արագացուցչային, փնջերի ֆիզիկային, էլեկտրադինամիկային, գերկարճ ռադիոալիքների էլեկտրադինամիկային: Նրա մասնագիտական բարձր կարողությունների ու գիտամանկավարժական աշխատանքի կարևորագույն արդյունքներից մեկն էլ իր ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանված ավելի քան 30 ատենախոսությունն են, և իր պատրաստած կադրերը, ովքեր մինչ օրս շարունակում են իրենց ներդրումն ունենալ գիտության զարգացման մեջ:
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում պրոֆեսոր Լազիևի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի վիշտը: