Հոկտեմբեր 7, 2024
Հոկտեմբերի 5-12-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվելու է հերթական «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ը: 2019 թվականից սկսած այն կազմակերպվում է ԴԵԶԻ (DESY) գիտահետազոտական ինստիտուտի, Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ:
Շուրջ մեկ շաբաթ Համբուրգի համալսարանի տասնվեց և Երևանի պետական համալսարանի ութ ուսանողներ հայ և գերմանացի դասախոսների ղեկավարությամբ կկատարեն փորձարարական աշխատանքներ ԱՐԵԱԼ արագացուցչի վրա:
Դասընթացը նպատակ ունի պրակտիկ ուսուցման միջոցով զարգացնել ուսանողների գիտելիքները, նպաստել մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը: