Քենդլ (անգլ.՝ CANDLE – Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission), թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն
ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2002 թվականին: Ինստիտուտի նպատակն է տարածաշրջանում եզակի ժամանակակից գիտափորձարարական ենթակառուցվածքի ստեղծումը, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի զարգացումը, ճառագայթման նոր աղբյուրների և դրանց կիրառությունների ուսումնասիրությունը, Հայաստանում սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի նախագծի իրագործման հնարավորությունների պահպանումն ու բարելավումը, էլեկտրոնային և ֆոտոնային ճշգրիտ փնջերի օգտագործմամբ փորձարարական հետազոտությունների իրականացումը:
Ինստիտուտի գործունեության կարևոր ուղղություններն են լազերային թնդանոթով ԱՐԵԱԼ գծային արագացուցչի, լազերային մանրադիտակի և միկրոարտադրության իր երկու կայաններով ԴԵԼՏԱ լաբորատորիայի օգտագործումն ու զարգացումը:
Ինստիտուտի երկարաժամկետ գիտական ծրագրերը հիմնականում միտված են արագացուցչային ֆիզիկայի ժամանակակից խնդիրների լուծմանը, ԱՐԵԱԼ գծային արագացուցչի փորձարարական ծրագրի իրականացմանը և արագացուցչի օգտագործողների համայնքի կայացմանը:
Ինստիտուտը համագործակցում է միջազգային այնպիսի խոշոր գիտակրթական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ DESY, PSI, University of Hamburg, INFN, Northern Illinois University, FERMILAB, և այլն, որոնք ներկայացնում են Գերմանիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Անգլիան: