Մարտ 25, 2019
«Փորձարարական կենսաբանություն» լաբորատորիայի («ՔԵՆԴԼ» ՍՀԻ) կողմից իրականացվող հետազոտություններից մեկն ուղղված է պաթոլոգիական մեխանիզմների ուսումնասիրմանը, որոնք իշեմիկ կաթված ստացած ուղեղում քրոնիկ փոփոխություններ են հարուցում: Այս նպատակով գործածվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի երկֆոտոն մանրադիտակի կայանը: Վերջինս հետազոտողներին լայն հնարավորություններ է ընձեռում՝ գրանցելու մարդու ուղեղային հյուսվածքի էլեկտրական ակտիվությունը: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հետազոտողը կարող է տեսնել նյարդային ազդակների ակտիվութունը բարձր տարածաժամանակային ճշգրտությամբ:
Երևանի պետական բժշկական համալսարանի ասպիրանտ Սենիկ Մատինյանը հարցազրույց է տվել SPUTNIK Armenia-ին՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտական ծրագրի վերջին ձեռքբերումները: Հետազոտությունն ուղղված է նոր սարքի մշակմանը, որը կնպաստի ուղեղում՝ կաթվածից հետո ակտիվացած նոր բջիջների հասունացմանը։
-Ուղեղի վնասված հատվածների աշխատանքը կարող է ակտիվանալ էլեկտրական և օպտիկական ազդակների միջոցով: Օգտակար գործոնների ճշգրիտ համակցությունը կարող է զգալիորեն բարելավել հիվանդի վիճակը,- նշում է Ս. Մատինյանը: