Հունիս 14, 2016
Սույն թվականի հունիսի 1-2-ը ՌԴ Դուբնա քաղաքում տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) կողմից կազմակերպված «Ժամանակակից միտումներ ռադիոկենսաբանության և ֆիզիոլոգիայի բնագավառներում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր ՄՀՄԻ կազմավորման 60 ամյակին:
Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ պրոֆ. Ռ. Հարությունյանի կողմից զեկուցվել են «ՔԵՆԴԼ» ՍՀԻ «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա վնասված ԴՆԹ-ով բջիջների շուրջ կատարված փորձերի արդյունքները:
ՄՀՄԻ շաբաթաթերթին տված հարցազրույցում (http://wwwinfo.jinr.ru/jinrmag/2016/25/ko25.htm) պրոֆ. Ռ. Հարությունյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Մեր համագործակցությունը ռուս կենսաբանների և բժիշկների հետ տասնամյակների պատմություն ունի: Մենք, կարելի է ասել, ռուսական գիտական դպրոցների օտարերկրյա կլոնն ենք հանդիսանում: Բարդ 1950-1960-ականներին ֆիզիկներն այն միակ մարդիկ էին, ովքեր օգնության ձեռք մեկնեցի գենետիկներին. ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ֆիզիկական ինստիտուտներում մի շարք գենետիկ լաբորատորիաներ ստեղծվեցին: ՄՀՄԻ և Հայաստանի ռադիոկենսաբանների միջև երկար տարիների ամուր համագործակցություն է հաստատվել: Քանի որ ժամանակակից հետազոտությունները հիմնականում առնչվում են կյանքի մասին գիտություններին, դրանք մատնանշում են ռադիոկենսաբանության զարգացման հեռանկարների անհրաժեշտությունը:
Մենք ՄՀՄԻ ճառագայթային կենսաբանության լաբորատորիայի հետ երկար տարիների սերտ և եղբայրական համագործակցություն ունենք: Գիտաժողովի ընթացքում գնահատվել են մի շարք հետազոտությունների նոր արդյունքներ և դրանց իրականացման հեռանկարներ: Այստեղ տիրող մթնոլորտը ինձ հիշեցրեց 2014թ.-ին տիեզերական կենսաբանությանը և ռադիոկենսաբանությանը նվիրված մի շատ հետաքրքիր գիտաժողով, որը կազմակերպվել էր ի հիշատակ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի: Եթե ամփոփելու լինենք այսօրվա արդյունքները, ապա քննարկվել են ոչ միայն մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից մեթոդների կիրառմամբ տարբեր տիպի ճառագայթների ազդեցությունների վերաբերյալ հարցեր, այլև երկարաժամկետ տիեզերական թռիչքների ընթացքում դրանց էքստրապոլյացիայի հնարավորությունները կապված անվտանգության հարցերի հետ:
Իրականում սա առաջին անգամն է, որ ներկայացնում եմ ԴՆԹ «կոմետների» մեթոդի կիրառմամբ (միաբջիջների էլեկտրաֆորեզ) «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա իրականացված մոլեկուլային գենետիկ ուսումնասիրություններում ռելյատիվիստիկ էլեկտրոնային փնջերի ազդեցությունների արդյունքները: «ԱՐԵԱԼ»-ը 2014թ.-ին ՀՀ Գիտության պետական կոմիտեի օգնությամբ ստեղծված «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի՝ միջուկային ֆիզիկայով զբաղվող գիտնականների ձեռքբերումն է: Այն նախատեսված է փոքր էմիտանսով գերկարճ էլեկտրոնային փնջեր արձակելու և արագացնելու համար: Մեր ուսումնասիրության ընթացքում փորձել ենք պարզել, թե ինչպիսի ազդեցություններ են թողնում ուժգնության և հաճախականության տարբեր արժեքներ ունեցող էլեկտրոնային փնջերը: Ես ներկայացրել եմ ԴՆԹ-ի վնասման գնահատման մեջ էպիգենետիկական ազդեցության դերի հետ կապված մեր պլանները: Բացի այդ, մեր գործընկերների հետ մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացվել: ՄՀՄԻ ճառագայթային կենսաբանության լաբորատորիայի տնօրեն, ՌԳԱ թղթակից-անդամ Եվգենի Կրասավինը մեզ ներկայացրեց «աստղակենսաբանության» ապշեցուցիչ արդյունքները և հետազոտական հեռանկարները: Այս տեսակ գիտաժողովները և հանդիպումները շատ կարևոր են նոր գաղափարների և արդյունքների փոխանակման համար, անհամբերությամբ սպասում ենք նորանոր հանդիպումների»: