Հունիս 10, 2020

Մարդու ծերացման նոր չափորոշիչ

Կ.գ.թ. Գոհար Ցականովայի կողմից ղեկավարվող գիտական խումբը մարդու ծերացման ուսումնասիրություններում երկֆոտոն մանրադիտակի կիրառման արդյունքները տպագրել է բարձր վարկանիշ (ազդեցության գործակից՝ 4.23) ունեցող “Biomedical Optics Express” ամսագրում (Journal of Optical Society of America)՝ G. Tsakanova, et al., “Two-Photon Imaging of Oxidative Stress in Living Erythrocytes as a Measure for Human Aging”, Biomed. Opt. Express, v.11, pp. 3444-3454 (2020): Հետազոտությունն իրականացվում է ԴԵԼՏԱ լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի կայանում (ՔԵՆԴԼ)՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտնականների կողմից:

Ծերացումը բարդ պրոցես է, որը հանգեցնում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խախտման և մահացության մակարդակի բարձրացման: Այն ուղեկցվում է գենետիկ, մոլեկուլային, բջջային մակարդակների և օրգանների տարբեր փոփոխություններով, ինչը հանգեցնում է ծերացման հետ կապված բազմաթիվ պաթոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Ցույց է տրվել, որ թթվածնի ակտիվ տեսակները ծերացման հիմնական շարժիչ ուժերից են: Համաձայն ծերացման «օքսիդատիվ սթրեսի տեսության»՝ այս պրոցեսն ուղեկցվում է օքսիդատիվ վնասման արագ տարածվող և անդառնալի կուտակմամբ, որն առաջանում է թթվածնի ակտիվ տեսակների պատճառով: Սա իր հերթին վնասակար ազդեցություն է թողնում ծերացման մոլեկուլային մեխանիզմների վրա՝ այսպիսով փոխելով օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիան՝ մեծացնելով ծերացման հետ կապված տարբեր հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև ազդելով կյանքի տևողության վրա:

Չնայած այն հանգամանքին, որ տարիքը համարվում է անընդհատ փոփոխական, այնուամենայնիվ, տարիքի ֆենոտիպային դրսևորումը շատ տարասեռ է և տարբերվում է անհատից անհատ, ինչը դրսևորվում է մարդու կողմից տարբեր հիվանդությունների հանդեպ զգայունությամբ, մահվան պատճառներով, կյանքի տևողությամբ և որակով: Մասնավորապես, ծերացումը հանդիսանում է այնպիսի հիվանդությունների առաջնային պատճառ, ինչպիսիք են սակավարյունությունը, Ալցհեյմերի հիվանդությունը, սրտանոթային հիվանդությունները, օսթեոպորոզը, թուլամտությունը, շաքարախտը և այլն:

Հաշվի առնելով ծերացման «օքսիդատիվ սթրեսի տեսությունը» և մահացության ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ զգայուն մեթոդների ու մոտեցումների մշակման հրատապությունը՝ տվյալ ուսումնասիրության նպատակն էր հետազոտել օքսիդատիվ սթրեսը ծերացող մարդու արյան կարմիր բջիջներում` որպես օքսիդատիվ սթրեսի հետ կապված պաթոլոգիական պայման, ինչպես նաև առաջադրելու արյան կարմիր բջիջների երկֆոտոն պատկերումը՝ որպես ծերացման գործընթացների նոր չափորոշիչ:

Արյան կարմիր բջիջներում օքսիդատիվ սթրեսը և բջջի կենսունակությունը վերլուծելու համար կիրառվել են երկֆոտոն լազերային սկանավորում և լուսային մանրադիտակ: Ուսումնասիրվել է ծերացող երեք տարիքային խումբ՝ երիտասարդ, միջին տարիքի և մեծահասակ: