Ապրիլ 3, 2015
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խումբը «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի օգնությամբ հաջողությամբ ցույց է տվել Էոզինի գործածումը որպես ֆլուորեսցենտային ներկանյութ պերիֆերային արյան էրիթրոցիտների պատկերման համար: Էոզինը ունի գրգռման 521 նմ և արտանետման 544 նմ ալիքի երկարություն: Երկֆոտոն մանրադիտակի համար ալիքների տվյալ երկարությունը բավարարում է «ԱՐԵԱԼ» արագացուցչի լազերի 1030 նմ ալիքի երկարությանը:
Այս հետազոտությունը իրականացվում է «Հակածերացման միացությունների ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում: Տվյալ նախագծի նպատակն է ուսումնասիրել բջջային մակարդակում հակածերացման դեմ նոր անվնաս և արդյունավետ միացությունների պոտենցիալ պաշտպանական ազդեցությունները: Ծերացման գործընթացի վրա հիմնականում ազդում է օքսիդատիվ սթրեսը: Վեջինս ճնշելու համար հաճախ օգտագործվում են սինթետիկ հակաօքսիդանտներ, որոնք ընդհատում են բջիջների բնական նյութափոխանակությունը: Այդ իսկ պատճառով օքսիդատիվ սթրեսից պաշտպանող բնական միացությունների ուսումնասիրությունը ներկայումս առանձնապես կարևոր է համարվում: