Մայիս 11, 2017
Երևանի պետական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մի խումբ գիտնականներ զգալի հաջողության են հասել «ԴԵԼՏԱ» միկրոմշակման կայանի վրա իրականացվող երկֆոտոն պոլիմերացման փորձեր իրականացնելիս, վերջիններս անց են կացվում գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրի շրջանակներում: Նախագծի նպատակն է ուսումնասիրել մի շարք պոլիմերների և հեղուկ բյուրեղների վրա լազերային գերկարճ իմպուլսների ազդեցությունը և մշակել լազերային տեխնոլոգիա՝ պոլիմերների վրա հիմնված միկրոկառուցվածքների պատրաստման համար:
Խմբի կողմից (խմբի ղեկավար՝ Հակոբ Մարգարյան, ԵՊՀ) իրականացված փորձերի արդյունքները ցույց տվեցին, որ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման կայանի վրա գործող 515 նմ ալիքի երկարություն ունեցող կանաչ լազերի գերկարճ ազդակներով կարելի է խթանել հատուկ նյութի (Ormocomp®) երկֆոտոն պոլիմերացումը: Միկրոմշակման կայանի դիրքավորման բացառիկ ճշգրտության շնորհիվ՝ այժմ հնարավոր է ստանալ եռաչափ նուրբ միկրոկառուցվածքներ՝ նախօրոք տրված հետագծով սկանավորելով պոլիմերացնող լազերը նյութի ծավալի մեջ: Որպես այս հնարավորությունների ցուցադրություն պլաստիկ սյուների վրա պատրաստվել են միկրոասեղներ, ապակու վրա` պարուրակներ (տես նկարները) և այլն:
OrmoComp®-ը ուլտրամանուշակագույն ճառագայթումով մշակվող հիբրիդային պոլիմեր է, որը լայնորեն օգտագործվում է օպտիկական միկրո և նանո բաղադրիչների մեծաքանակ արտադրության, ինչպես նաև բժշկական կիրառությունների համար՝ շնորհիվ իր բիոհամատեղելիության: Կանաչ ֆեմտովայրկյանային լազերով երկֆոտոն պոլիմերացման հնարավորությունը ընդլայնում է այս նյութի կիրառությունների շրջանակը՝ հնարավորություն տալով բարդ երկրաչափությամբ եռաչափ կառուցվածքների պատրաստման համար:
Խմբի հետագա գործունեությունը ուղղված կլինի լազերային մշակման մեթոդի բարելավմանը և մի շարք կիրառությունների նպատակով ավելի բարդ երկրաչափությամբ նախատիպային կառուցվածքների պատրաստմանը: