Փետրվար 8, 2022

«Մեկ տարի առանց Վասիլի Ցականովի»

2021 թ․ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ համահիմնադիր և տնօրեն, պրոֆ․ Վասիլի Ցականովը։

Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: Վ․ Ցականովի գլխավորությամբ մշակվել էր երրորդ սերնդի սինքրոտրոնի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի իրականացման նպատակով բարերար Ժիրայր Հովնանյանի հովանավորչությամբ 2002թ.-ին հիմնադրվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը։

Պրոֆ․ Ցականովի աջակցությամբ 2012-2015թթ. «ՔԵՆԴԼ»-ում նախագծվեց և կառուցվեց տարածաշրջանի միակ ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը:

Վ․ Ցականովն իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի և արտերկրի հետազոտական կենտրոնների միջև համագործակցության, նոր գիտական կապերի ստեղծման և ամրապնդման գործում, որին ի սպաս է դրել գիտական հանրության շրջանակներում իր բարձր հեղինակությունը և մարդկային բացառիկ արժանիքները։

Վ․ Ցականովի մահվան տարելիցի կապակցությամբ սույն թվականի հունվարի 13-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում տեղի ունեցավ «Մեկ տարի առանց Վասիլի Ցականովի» խորագիրը կրող միջոցառում, որին ներկա էին նրա հետ երկար ճանապարհ անցած գործընկերները, ընկերները և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ցականովի անցած ուղին, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադրման պատմությունը, ընթերցվեցին նրա կորստով ցնցված միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից ուղարկված նամակները և մի շարք երիտասարդ գիտնականների կողմից պատրաստված վիդեո ուղերձները։ Միջոցառման հյուրերը կիսվեցին իրենց հիշողություններով։

Голос Армении թերթի հերթական համարում անդրադարձ է կատարվել Վ․ Ցականովի անցած ճանապարհին, ինչպես նաև, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ներկայիս տնօրեն Բագրատ Գրիգորյանը կիսվել է Ցականովի հետ կապված հիշողություններով և խոսել ապագա ծրագրերի մասին։