Հուլիս 31, 2019

Կենսաբժշկական հետազոտության նոր ծրագիր

Ռուսաստանի գիտական հիմնադրամը հաստատել է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ) պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովի գլխավորած գիտական խմբի կողմից ներկայացված “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” նոր հետազոտական ծրագիրը: Ծրագիրն իրականացվելու է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ սերտ համագործակցությամբ: Հայկական կողմի գիտական խումբը գլխավորում է ՀՀ ԳԱԱ բնագիտության բաժնի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը:

Կենսաբժշկության մեջ գերկարճ ազդակների կիրառումը կարող է հիմնովին փոխել բջջային և մոլեկուլային մակարդակներում ընթացող պրոցեսների մասին մեր ունեցած պատկերացումները: Գերկարճ ազդակները հնարավորություն են տալիս ապահովել ճառագայթման որոշակի չափաբաժնի ճշգրիտ տեղային ազդեցությունը ուռուցքների վրա՝ նվազագույնս ազդելով առողջ հյուսվածքների վրա: Եթե դիտարկենք բջիջների վրա կենսաբժշկական ազդեցությունների տևողությունը, ապա գերկարճ էլեկտրոնային ճառագայթումը կարող է ուռուցքների ճառագայթային թերապիայի բնագավառում հեղափոխություն կատարել:

Այս ծրագրի շրջանակներում փորձարարական հետազոտությունները իրականանալու են գերկարճ լազերային և էլեկտրոնային ազդակների կիրառմամբ: Գերկարճ էլեկտրոնային ճառագայթման փորձերը կիրականացվեն «ՔԵՆԴԼ» ինստիտուտում՝ ԱՐԵԱԼ արագացուցչի 2-5 ՄէՎ սուբպիկովայրկյանային տևողությամբ էլեկտրոնային ազդակներով:

Սույն թվականի հուլիսի 2-5-ը «ՔԵՆԴԼ» ինստիտուտում անցկացված «Գերարագ փնջեր և կիրառություններ» միջազգային աշխատաժողովի ընթացքում պրոֆեսոր Օսիպովի կողմից արդեն իսկ ներկայացվել են վերոնշյալ ծրագրի հիմնական կողմերը:

«ՔԵՆԴԼ» թիմը շնորհավորում է ծրագրի գիտական խմբի անդամներին և հավաստում է աջակցել ԱՐԵԱԼ արագացուցչի վրա առաջիկայում իրականացող փորձերին: