Հուլիս 18, 2021

Երկֆոտոն մանրադիտակի կիրառությունը մարդու կենդանի էրիթրոցիտներում օքսիդատիվ սթրեսի քանակական և որակական ուսումնասիրությունների համար

Կ. գ. թ. Գոհար Ցականովայի կողմից ղեկավարվող գիտական խումբը Հայաստանի կենսաբանական հանդես, ամսագրում հրատարակել է մարդու կենդանի բջիջներում օքսիդատիվ սթրեսի ուսումնասիրության մեջ երկֆոտոնային մանրադիտարկման կիրառության արդյունքները (Tsakanova et al., “Qualitative and Quantitative Assessment of Oxidative Stress in Human Living Erythrocytes Using Two-Photon Microscopy Imaging Technique”, Biological Journal of Armenia, 2021, 1(73): 60-68): Ուսումնասիրություններն իրականացվում են «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ԴԵԼՏԱ լաբորատորիայի երկֆոտոնային մանրադիտարկման փորձարարական կայանում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ գիտնականների կողմից:

Օքսիդատիվ սթրեսը կապված է թթվածնի ակտիվ ձևերի արտադրության ակտիվացմամբ և հակաօքսիդանտների արդյունավետության կտրուկ նվազմամբ: Դա կարող է լուրջ պատճառ հանդիսանալ տարիքով պայմանավորված հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ նյարդաբանական հիվանդությունները, թոքաբորբը, կատարակտը, քաղցկեղը, շաքարախտը, սրտանոթային խանգարումները, գլաուկոման, ծերացումը և այլն:

Արյան կարմիր բջիջներն առաջին բջիջներից են, որոնց վրա ազդում են էնդոգեն և էկզոգեն թթվածնի ակտիվ ձևերը: Միևնույն ժամանակ, էրիթրոցիտներն ուժեղ հակաօքսիդանտային համակարգ ունեն, ինչը թույլ է տալիս պահպանել օրգանիզմի օքսիդանտային/հակաօքսիդանտային հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, տարբեր ախտաբանական վիճակները կարող են հակաօքսիդանտային համակարգի և հակաօքսիդանտային ֆերմենտների ակտիվության խանգարումներ հրահրել:

Տվյալ հետազոտության հիմնական նպատակը ոչ միայն երկֆոտոնային մանրադիտարկման կիրառմամբ արյան կարմիր բջիջների վերլուծությունն է, այլ նաև օքսիդատիվ սթրեսի քանակական և որակական գնահատումը, ինչը նոր հեռանկարներ է բացում ծերացման դեմ ավելի արդյունավետ նյութեր հայտնաբերելու և/կամ մշակելու համար: Այս նոր մոտեցումը, որը մշակվել է մարդու արյան կարմիր բջիջներում օքսիդատիվ սթրեսի գնահատման նպատակով, կարող է բարեհաջող կիրառվել նաև կլինիկական բնագավառում և հակաօքսիդանտային նյութերի հայտնաբերման, մշակման և/կամ վերլուծության ոլորտում: