Դեկտեմբեր 23, 2013

Ստացվել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը

2013թ.-ի դեկտեմբերի 20-ին, ժամը 17:36 «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վերահսկման սենյակի բոլոր դիագնոստիկ մոնիտորները գրանցեցին առաջին էլեկտրոնային փնջի առաջացումն ու արագացումը: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ գիտնականներն ու ինժիներները անհամբեր սպասում էին այս օրվան: Այս իրադարձությանը նախորդել էին արագացուցչի հիմնական համակարգերի մի շարք հաջող փորձարկումներ և շահագործումներ:  «ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) արագացուցիչն իրենից ներկայացնում է լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչ, որը օգտագործվում է մի քանի ՄԷՎ էներգիայով ռելյատիվիստիկ գերկարճ տևողությամբ լայնական փոքր փուլային ծավալով էլեկտրոնային փնջերի ստացման համար: Արագացուցիչը հնարավորություն է տալիս ժամանակակից հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և գերարագ գիտությունների ուսումնասիրման բնագավառներում:

«Ես շնորհավորում եմ ինստիտուտի անձնակազմին և գիտական հանրությանը «ԱՐԵԱԼ» արագացուցչի բարեհաջող գործարկման կապակցությամբ»,-իր խոսքով ողջունեց գիտությունների պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ս. Հարությունյանը: «Սա գիտական և տեխնոլոգիական բեկումնային իրադարձություն է ոչ միայն «ՔԵՆԴԼ» ինստիտուտի, այլև ամբողջ երկրի համար: «ԱՐԵԱԼ»–ը նոր հորիզոններ է բացում արագացուցչային տեխնոլոգիաների վրա ժամանակակից փորձեր կատարելու և դրանք գիտության և ճարտարագիտության մեջ գործարկելու համար: Սա մի համակարգ է, որն ուղղված է դեպի ապագան, քանի որ գերարագ գործընթացների ուսումնասիրությունը մոտակա տասնամյակների ընթացքում առաջընթաց է կանխորոշելու նանոաշխարհի հասկացման մեջ: Շատ խրախուսող է այն, որ նախագիծը իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, որոնք փորձագիտական խորհրդատվությունից և ուսուցումից բացի, նաև ժամանակակից սարքավորումներ տրամադրմադրեցին մեզ»,-ավարտեց պրոֆեսոր Ս. Հարությունյանը:

«Սա կարևոր ձեռքբերում է այն գիտնականների և ինժեներների համար, որոնք աշխատում են «ԱՐԵԱԼ» նախագծի վրա»,- ասաց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն Վ. Ցականովը: ««ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկմամբ ինստիտուտը մեծ քայլ է արել դեպի առաջատար արագացուցչային տեխնոլոգիաներ: Բացի այդ ստեղծվել է երիտասարդ գիտնականների և ինժեներների մի ուժեղ թիմ, որը ունակ է նախագծել, կառուցել և գործի դնել տարրական մասնիկների ժամանակակից արագացուցիչ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ ԴԵՍԻ արագացուցչային կենտրոնին (Գերմանիա) և Փոլ Շերեր ինստիտուտին (Շվեյցարիա) նրանց աջակցության և համագործակցության համար: Եվ, իհարկե, նախագիծը չէր կայանա առանց ՀՀ գիտությունների պետական կոմիտեի աջակցության:»,- հավելեց ինստիտուտի տնօրենը:

«Արագացուցչի գործարկումից և առաջին էլեկտրոնային փնջի ստացումից հետո նախատեսվում է տարբեր աշխատանքային ռեժիմներում փնջի պարամետրերի մի շարք փորձարարական չափումներ անցկացնել»,- ասաց «ԱՐԵԱԼ» նախագծի ղեկավար ֆ.մ.գ.թ. Բ. Գրիգորյանը: «Հունվարի կեսին արագացուցիչը կփակվի վերջնական բարելավումների և ենթահամակարգերի համալարման համար` հիմնվելով կատարված չափումների վրա: Շատ կարևոր է նշել, որ «ԱՐԵԱԼ» արագացուցչի ապագան ենթադրում է փնջի պարապետրերի անընդմեջ բարելավման գործընթաց, որը պահպանում է ուսումնասիրությունների արդիականության համապատասխանումը ժամանակակից միտումներին»,- հավաստիացրեց ֆ.մ.գ.թ. Բ. Գրիգորյանը: