Հոկտեմբեր 5, 2015
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից կազմակերպվել էր «Հայ-գերմանական գիտության օր»: Մասնակիցներին ողջունեցին Արմեն Աշոտյանը (ՀՀ կրթության և գիտության նախարար), Մաթիաս Կեսլերը (Հայաստանում ԳԴՀ դեսպան), Սամվել Հարությունյանը (ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ), Արամ Սիմոնյանը (ԵՊՀ ռեկտոր) և Ռադիկ Մարտիրոսյանը (ՀՀ ԳԱԱ նախագահ): «Գերմանիայի դաշնային կառավարության գիտության և հետազոտությունների միջազգայնացման ռազմավարությունը» և «ՀՀ-ում հետազոտությունների և մշակումների միջազգային ռազմավարությունը» ելույթներով համապատասխանաբար հանդես եկան նաև պարոն Մ. Շլիշթը (Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարություն) և տկն. Մ. Սարգսյանը (ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե):
Միջոցառման ընթացքում Գերմանիայի «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև կնքվեց պայմանագիր տերահերցային տիրույթի օնդուլյատորի փոխանակման մասին: Պայմանագիրը կնքվեց «ԴԵՍԻ»-ի ներկայացուցիչ դոկտոր Կլաուս Ֆլոթմանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրեն դոկտոր Վասիլի Ցականովի միջև: Նոր օնդուլյատորային մագնիսը «ԱՐԵԱԼ» արագացուցչի ազատ էլեկտրոնների վրա լազերի նախագծի բաղկացուցիչ մասն է կազմում: Վերջինիս մասին խոսվեց Վ. Ցականովի` «ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող արագացուցիչ – համագործակցելու նոր հնարավորություններ գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում» ելույթում:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև գիտության և հետազոտության բնագավառում հայ-գերմանական հիմնական ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները: Գերմանական մի շարք գիտական կազմակերպություններ և հիմնադրամներ ներկայացրին իրենց հաստատությունները և համագործակցության ծրագրերը: Միջոցառման վերջում հայ և գերմանական հետազոտական և ֆինանսավորող կազմակերպությունները արդյունավետ քննարկում ունեցան հնարավոր համագործակցության վերաբերյալ: