Դեկտեմբեր 1, 2017

Կենսաբժշկական հետազոտություն «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում

«Two-photon microscopy imaging of oxidative stress in human living erythrocytes» հոդվածը տպագրվել է բարձր վարկանիշ ունեցող «Biomedical Research Express» ամսագրում (Optical Society of America (OSA), (https://doi.org/10.1364/BOE.8.005834, տե´ս նաև PDF տարբերակը): Հետազոտական աշխատանքներն իրականացվել են «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի կայանում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտնականների կողմից:

Մարդու արյան կարմիր բջիջները հայտնի են որպես օքսիդատիվ սթրեսի ուսումնասիրման ամենանպատակահարմար բջիջներ: Օքսիդատիվ սթրեսը ընկած է բազմաթիվ հիվանդությունների էթոպատոլոգիայի հիմքում: Վերոնշյալ աշխատանքի նպատակը մարդու արյան կարմիր բջիջներում օքսիդատիվ սթրեսի գնահատման նոր արդյունավետ մոտեցման մշակումն է՝ օգտագործելով երկֆոտոն մանրադիտակը: Մարդու էրիթրոցիտներում օքսիդատիվ սթրեսը մոդելավորելու համար ստեղծվել է in vitro մոդել: Օքսիդատիվ սթրեսի արդյունքները հստակ տեսանելի են էրիթրոցիտների՝ երկֆոտոն մանրադիտակով ստացված նկարներում՝ համեմատած հսկիչ նմուշների հետ: Մարդու արյան կարմիր բջիջներում օքսիդատիվ սթրեսի ուսումնասիրման այս նոր մոտեցումը կարող է օգտագործվել կլինիկական հետազոտություններում  և հակաօքսիդանտ միացությունների փորձարկման ժամանակ:

Ստացված արդյունքները նոր հնարավորություններ են բացում իրական ժամանակում մարդու էրիթրոցիտներում օքսիդատիվ պրոցեսների ուսումնասիրման համար, ինչը կնպաստի տարբեր հիվանդությունների պաթոմեխանիզմներում օքսիդատիվ գործընթացների դերի ավելի խորը հասկացմանը: