Նոյեմբեր 18, 2015

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի նիստ

2015թ.-ի նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհուրդը գնահատեց ինստիտուտի գործունեությունը և զարգացման հեռանկարները:

2015թ.-ը նշանավորվել է «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» սարքավորումների վրա իրականացված փորձարարական ծրագրերով, որոնք իրականացվել են Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական խմբերի կողմից: Փորձարարական հետազոտությունների հիմնական ուղղություններն են մոլեկուլային ֆիզիկան, գենետիկան, մոլեկուլային կենսաբանությունը, միկրոէլեկտրոնիկան, կիսահաղորդիչների ֆիզիկան և պինդ մարմնի ֆիզիկան, նոր նյութերի և արագացուցչային տեխնոլոգիաների մշակումը ու զարգացումը:

Այս տարի ինստիտուտը սկսել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջորդ փուլի իրագործումը. էներգիայի բարձրացում մինչև 50 ՄէՎ և փնջի հետագա առաքում դեպի «ԱԼՖԱ» կայան: «ԱԼՖԱ»-ն (ALPHA – Amplified Light Pulse for High-end Applications) նախատեսված է Հայաստանում տերահերց տիրույթում ազատ էլեկտրոնների վրա լազերի ստացման համար: Այս նպատակով 2015թ.-ի հոկտեմբերի 5-ին՝ «Հայ-գերմանական գիտության օր»-ը, Գերմանիայի «ԴԵԶԻ» արագացուցչային կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև կնքվեց պայմանագիր տերահերցային տիրույթի օնդուլյատորի փոխանակման մասին:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ինստիտուտի 2015թ.-ի գործունեությունը և 2016-2017թթ. զարգացման ծրագիրը: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց ինստիտուտի սերտ միջազգային համագործակցությանը որպես «ԱՐԵԱԼ» արագացուցչի և փորձարարական ծրագրերի բարեհաջող զարգացման հիմք: Ինստիտուտի գործունեությանը աջակցելու և խրախուսելու նպատակով ստեղծվեց «ՔԵՆԴԼ-ի ընկերներ» խորհուրդը: Խորհրդի նախագահ է ընտրվել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Ֆլորա Նախշքարյանը: