Փետրվար 8, 2019

Դիէլեկտրիկ ալիքատարներում էլեկտրոնների թանձրուկավորումը

Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի PITZ (Photo Injector Test facility in Zeuthen) արագացուցչի վրա փորձնականորեն ցուցադրվել է գերկարճ թանձրուկների շարքի գեներացման նոր մոտեցումը: Ստացված արդյունքները ներկայացվել են Ֆ. Լեմերիի և այլոց հեղինակած “Passive Ballistic Microbunching of Nonultrarelativistic Electron Bunches Using Electromagnetic Wakefields in Dielectric-Lined Waveguides հոդվածում, որը տպագրվել է Physical Review Letters գիտական ամսագրում: Ուսումնասիրությունը իրականացվել է Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի, ԱՄՆ-ի Հյուսիսային Իլինոյս Համալսարանի, ԱՄՆ-ի Fermilab ազգային արագացուցչային լաբորատորիայի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտնականների կողմից:

Ժամանակային մոդուլացված էլեկտրոնային փնջերը կիրառությունների լայն շրջանակ ունեն` սկսած ուժեղացված կոհերենտ էլեկտրամագնիսական ճառագայթման գեներացումից մինչև էլեկտրամագնիսական կիլվատերային դաշտերի ռեզոնանսային գրգռում և նոր տիպի արագացուցիչների կոնցեպտներ: Փոքր էներգիայով գերկարճ միկրոթանձրուկների ստացումը կարող է օգտակար լինել գերարագ էլեկտրոնների դիֆրակցիայի և արագացուցիչների վրա հիմնված լույսի նոր աղբյուրների համար: PITZ արագացուցչի վրա իրականացրած փորձով հեղինակները ցուցադրել են միկրոթանձրուկավորման պասիվ տեխնիկան, որը հնարավորություն է ստեղծում 6 ՄէՎ էնէրգիայի դեպքում թանձրուկների՝ պիկովայրկյանային տևողությամբ շարք ստանալ: Տվյալ մեթոդը հիմնվում է էլեկտրամագնիսական կիլվատերային դաշտերի գրգռման վրա, մինչ փունջը տարածվում է դիէլեկտրիկ ալիքատարի միջով: Շնորհիվ փնջի ոչ գերռելյատիվիստիկ բնույթի՝ մակածված էներգիայի մոդուլյացիան վերափոխվում է խտության մոդուլյացիայի, մինչ փունջը շարժվում է դեպի հաջորդող ազատ տարածություն: Մոդուլացված փունջը հետագայում արագացվել է մինչև 20 ՄէՎ՝ պահպանելով հաղորդված խտության մոդուլյացիան: