Հունիս 9, 2016

«ԱՐԵԱԼ» արագացուցչի ֆեմտովայրկյանային լազերի համակարգի կարգաբերում

Սույն թվականի մայիսի 26-31-ը «Ֆոտոնային փնջի և օպտիկայի» խումբը իրականացրել է «ԱՐԵԱԼ» գերկարճ լազերով համակարգի կարգաբերման աշխատանքներ, որոնք ներառում էին լազերի փնջի բաշխվածության նկարագրման ուսումնասիրման նոր համակարգի տեղադրում, կարգաբերում և ճշգրտում:

Լազերի փնջի բաշխվածության համակարգը բաղկացած է տեսախցիկից (Spiricon SP620U, OPHIR Optronics Solutions Inc.), որն ունի փնջի էներգիայի թուլացման և լայնական չափսերի կարգավորման օպտիկա: Վերջինս իրենից ներկայացնում է փոխանջատվող օպտիկական ուղի, որը ծառայում է «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցիչը ղեկավարող գերկարճ ուլտրամանուշակագույն իմպուլսների տարածական բաշխման չափման և դիտարկման համար: Փնջի լայնական չափումների և բաշխվածության վերլուծության համար օգտագործվում է հոտուկ ծրագրային փաթեթ:

Լազերի սպասարկման և փնջի որակի դիտարկումից բացի, նոր համակարգը կծառայի նաև որպես լրացուցիչ քանակական ախտորոշիչ գործիք հեռանկարային փորձերի համար, որոնք զգայուն են ֆոտոէմիսիայի հոսքի և էլեկտրոնային փնջի լիցքի հանդեպ: Մասնավորապես, ֆոտոնային հոսքը (և, հետևաբար, ֆոտոէմիսիայի ինտենսիվությունը) ֆոտոկաթոդի անմիջական հարևանությամբ արդեն կարող է փոփոխվել քանակապես վերահսկվող եղանակով, այնպես, որ լազերի լայնական չափսերը և ինտենսիվության տարածական բաշխումը հնարավոր է չափել կամ ստանալ՝ կաթոդի լուսավորված հատվածը փոփոխելով (հեռվում տեղակայված դիաֆրագմայի օգնությամբ):

Նոր համակարգով չափված լազերի ուլտրամանուշակագույն փնջի լայնական բաշխվածությունը ընդունվել է որպես որակի չափանիշ լազերի համակարգի վերջերս իրականացված կարգաբերման և տեխնիկական սպասարկման ժամանակ: Փնջի ավելի լավ որակի (մոտավորապես Գաուսյան) տարածական բաշխում է ստացվել՝ ուղղելով շեղումները հարմոնիկ գեներատորի մոդուլում: