Դեկտեմբեր 6, 2018
Սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կայացավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատաժողով՝ նվիրված «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացի» մշակմանը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած այս նոր փորձարարական նախագիծը կսկսվի 2019թ.-ին, վերջինս նախատեսված է Համբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի ուսանողների համար: Դասընթացներն իրականացվելու են ԱՐԵԱԼ արագացուցչի վրա և ինստիտուտի մի շարք այլ փորձարարական լաբորատորիաներում:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին կրթական ծրագրի (արագացուցչային ֆիզիկա) մի շարք դասընթացները, որոնք են` փնջերի ֆիզիկա և դիագնոստիկա, գերբարձր հաճախության տեխնոլոգիաներ, վակուումի և մագնիսական դաշտի չափումներ և այլն:
Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Բերեսնևը ներկայացրեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտում ժամանակակից հեռահաղորդակցման և ղեկավարման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերով զբաղվող կրթական և վերապատրաստման համատեղ կենտրոնի ստեղծման առաջիկա մոտեցումները: Կրթական կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Գերարագ փնջեր և կիրառություններ» միջազգային գիտաժողովի ընթացքում (2-5 հուլիս 2019թ.):
«Սա լիովին նոր համագործակցություն է, որը կուժեղացնի «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կրթական և հետազոտական կարողությունները և կնպաստի Համբուրգի համալսարանում և հայաստանյան կրթական հաստատություններում արագացուցչային ֆիզիկային առնչվող կրթական ծրագրերի բարելավմանը՝ «ՔԵՆԴԼ» ինստիտուտում առկա միջազգային մակարդակի գիտական սարքավորումների հասանելիության շնորհիվ», – նշեց Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախը ՀՀ ԿԳՆ գիտությունների կոմիտե կատարած այցի ժամանակ:
«Առաջին անգամ Համբուրգի համալսարանի ուսանողները «ՔԵՆԴԼ» ինստիտուտում անցկացվող համատեղ ծրագրի ընթացքում իրականացրած փորձարարական աշխատանքների համար կրեդիտներ կստանան: Երկօրյա քննարկումներից հետո եկել ենք այն համոզման, որ համատեղ կրթական ծրագիրը կհամապատասխանի Համբուրգի համալսարանի փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի ամենաբարձր պահանջներին», – ավելացրեց պրոֆեսոր Վոլֆգանգ Հիլլերթը:
«Մենք ուրախ ենք հայ-գերմանական գիտական երկարատև համագործակցության համար: Այս նախաձեռնությունը Հայաստանում հետազոտողների նոր սերնդի և կրթական ծրագրերի բարելավման հնարավորություն է, այն խթանում է գերմանացի և հայ ուսանողների համագործակցությունը նրանց մասնագիտական գործունեության վաղ փուլում», – նշեց գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: