Սեպտեմբեր 2, 2019

Վասիլի Ցականովը պարգևատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019թ. սեպտեմբերի 2-ի N 31-Ա/Ք հրամանով Վասիլի Մկրտիչի Ցականովին` արագացուցչային ֆիզիկայի արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի կապակցությամբ շնորհվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալ:

Վ. Ցականովը իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանը ավարտելուց հետո: 1990թ.-ին, պրոֆեսոր Է. Լազիևի ղեկավարությամբ, պաշտպանել է լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդներին նվիրված թեկնածուական աշխատանք: 90-ականներին Վ. Ցականովը Դարմշտատի Տեխնիկական Համալսարանում և Գերմանիայի «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնում (Համբուրգ) եղել է հրավիրված գիտնական: 1998թ.-ին նա պաշտպանում է գծային արագացուցիչներում փնջերի ֆիզիկայի ուսումնասիրմանը նվիրված իր դոկտորական աշխատանքը և Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում ստեղծում «Փնջերի ֆիզիկա» գիտական խումբը: 2002թ.-ին նրա գլխավորությամբ մշակվում է երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի «ՔԵՆԴԼ» նախագիծը և, համապատասխանաբար, ստեղծվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտը: 2006-2012թթ. Վ. Ցականովը ղեկավարում է նաև Երևանի Պետական Համալսարանի «Միջուկային ֆիզիկա» բաժինը: 2011թ.-ին ընտրվում է Ապագա Արագացուցիչների Միջազգային Կոմիտեի (ICFA) անդամ: 2012-2015թթ. նա ղեկավարում է ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցչի նախագծումն ու կառուցումը: Հետագայում ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրում նախատեսվում է ստեղծել ազատ էլեկտրոնային լազեր, որը ավարտին կհասցվի 2020-2022թթ.:

Ընկերներն ու գործընկերները շնորհավորում են Վ. Ցականովին` մաղթելով նրան հետագա ձեռքբերումներ և հաջողություններ: