Նոյեմբեր 7, 2013
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի ունեցավ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ հանդիպման սկիզբը ՀՀ նախագահը, խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի իրագործմանը՝ «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչին: Իր ողջույնի խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. ««ՔԵՆԴԼ» նախագիծը և անձնակազմը դիմակայեցին ժամանակի փորձությանը: Եվ այսօր, «ԱՐԵԱԼ» արագացուցչի օրինակով, մենք համոզվեցինք, որ մեր երկիրը առաջատար գիտափորձնական նախագծերի իրագործմամբ զարգանալու ներուժ ունի»:
«ԱՐԵԱԼ» նախագիծը գերկարճ էլեկտրոնային ազդակների միջոցով հնարավորություն է տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների դինամիկայի ուսումնասիրման ուղղություններով: Ներկայումս հաջողությամբ ավարտվել են նախագծի գիտատեխնիկական պահանջներին համապատասխանող «ԱՐԵԱԼ» արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները: Աշխատանքները թևակոխել են արագացուցչի գործարկման որոշիչ փուլ` էլեկտրոնների առաջին փնջի ստացում: ««ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկումը հայ գիտնականների և ճարտարագետների համար կարևոր նվաճում կհանդիսանա Հայաստանում ժամանակակից գիտական ենթակառուցվածքի ստեղծման գործում»,- ասաց գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ս. Հարությունյանը: «ԱՐԵԱԼ» նախագիծն իրագործվում է Գերմանիայի ԴԵԶԻ ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը ներկայացրեց մոտակա և երկարաժամկետ ծրագրերը, որոնք հիմնարար և կիրառական գիտությունների ամբողջ տիրույթում ուսումնասիրությունների նոր հնարավորություններ կտան: Խորհուրդը քննարկեց «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացման գործողությունների պլանը և Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման հեռանկարները: Համապատասխան որոշումներ կայացվեցին գիտահետազոտական լաբորատորիաների տեխնիկական բազայի ամրապնդման և ինստիտուտի համակողմանի զարգացման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ` ներառյալ երիտասարդ գիտնականներին և ճարտարագետներին աջակցելը: