Նոյեմբեր 7, 2013

Կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի ունեցավ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ հանդիպման սկիզբը ՀՀ նախագահը, խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան  «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի իրագործմանը՝ «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչին: Իր ողջույնի խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. ««ՔԵՆԴԼ» նախագիծը և անձնակազմը դիմակայեցին ժամանակի փորձությանը: Եվ այսօր, «ԱՐԵԱԼ» արագացուցչի օրինակով, մենք համոզվեցինք, որ մեր երկիրը առաջատար գիտափորձնական նախագծերի իրագործմամբ զարգանալու ներուժ ունի»:

«ԱՐԵԱԼ» նախագիծը գերկարճ էլեկտրոնային ազդակների միջոցով հնարավորություն է տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների դինամիկայի ուսումնասիրման ուղղություններով: Ներկայումս հաջողությամբ ավարտվել են նախագծի գիտատեխնիկական պահանջներին համապատասխանող «ԱՐԵԱԼ» արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները: Աշխատանքները թևակոխել են արագացուցչի գործարկման որոշիչ փուլ` էլեկտրոնների առաջին փնջի ստացում: ««ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկումը հայ գիտնականների և ճարտարագետների համար կարևոր նվաճում կհանդիսանա Հայաստանում ժամանակակից գիտական ենթակառուցվածքի ստեղծման գործում»,- ասաց գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ս. Հարությունյանը: «ԱՐԵԱԼ» նախագիծն իրագործվում է Գերմանիայի ԴԵԶԻ ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը ներկայացրեց մոտակա և երկարաժամկետ ծրագրերը, որոնք հիմնարար և կիրառական գիտությունների ամբողջ տիրույթում ուսումնասիրությունների նոր հնարավորություններ կտան: Խորհուրդը քննարկեց «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացման գործողությունների պլանը և Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման հեռանկարները: Համապատասխան որոշումներ կայացվեցին գիտահետազոտական լաբորատորիաների տեխնիկական բազայի ամրապնդման և ինստիտուտի համակողմանի զարգացման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ` ներառյալ երիտասարդ գիտնականներին և ճարտարագետներին աջակցելը: