Սեպտեմբեր 17, 2020

Հեռանկարային համագործակցություն գործընկեր համալսարանի հետ

Ամփոփվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի մեկամյա համագործակցությունը, որի հիմնական նպատակն է, որպես գործընկեր կազմակերպություն, աջակցել «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ԵՊԲՀ կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացման գործընթացին:

2019 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով երկու կազմակերպությունների միջև հիմնվեց միջդիսցիպլինար համագործակցություն, որի շրջանակներում գրանցվեց առաջին շոշափելի ձեռքբերումը. ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման նպատակով «երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագիր – 2019» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվեց մեր ինստիտուտի կողմից ներկայացված «Սինապտիկ դինամիկության մեխանիզմներն առնետների իշեմիկ կաթվածի ժամանակ in vivo» գիտական թեման, որում որպես երիտասարդ հետազոտող ընդգրված է ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սենիկ Մատինյանը: Համագործակցության շրջանակներում վերջինս անցել է վերապատրաստման ծրագիր՝ մասնակցելով մի շարք հետազոտական աշխատանքների՝ կաթվածի կենդանական մոդելի ստացում, կաթվածի կենդանական մոդելի դեպքում ուղեղային արյան շրջանառության գնահատում՝ երկֆոտոնային մանրադիտակով սպեցիֆիկ ներկանյութերի կիրառմամբ:

Համագործակցության արդյունքներն արժանացել են երկկողմ դրական գնահատականի, ինչը թույլ է տալիս հավատալու, որ այն կընդլայնվի՝ հետագայում ներառելով գիտակրթական տարբեր հարթակներ: