Մայիս 20, 2015

Նոր սցինտիլյատորների ուսումնասիրություն «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա

«ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա սկսվել է հաջորդ սերնդի կալորիմետրերի համար նախատեսված սցինտիլյատորների ուսումնասիրությունը, որը իրականացվում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Նախագծի ղեկավար պրոֆեսոր Աշոտ Պետրոսյանը ներկայացրել է հետազոտության առաջին արդյունքները.

«Անօրգանական սցինտիլյատորները գործածման մի շարք հնարավորություններ ունեն, ներառյալ միջուկային բժշկությունը, ազգային անվտանգությունը և բարձր էներգիաների ֆիզիկան: «ՑԵՌՆ»-ի` բարձր պայծառությամբ մեծ հադրոնային կոլայդերում և ապագա էլեկտրոնային և պրոտոնային կոլայդերներում սպասվում են իոնացնող ճառագայթման շատ բարձր մակարդակներ: Այդ պատճառով նյութերի ճառագայթային դիմադրության խնդրի բարելավման ընդհանուր նպատակի հետ մեկտեղ որակի պահանջները բարձրացնում են նաև դետեկտորների ժամանակային հատկությունների և էներգիայի լուծողունակության բարելավման հարցը: Lu3Al5O12; LuAG հիման վրա ստեղծված տարբեր ակտիվացնող գործոններով սցինտիլյատորները ապագա դետեկտորներում օգտագործվող ամենախոստումնալից թեկնածուների շարքում են: Ներկայումս «ՑԵՌՆ»-ի հետ “Crystal Clear” համագործակցության շրջանակներում ՖՀԻ-ը նմանատիպ սցինտիլյատորային նյութերի վրա մեծամասշտաբ ուսումնասիրություններ է իրականացնում: Ճառագայթային թույլտվածքին առաջադրված պահանջները հետևյալն են. 1 մեգագրեյ ինտեգրալ դոզայից հետո օպտիկական հատկությունների դեգրադացիան պիտի իջեցվի մինչև 10%: Միլլիոն երրորդական կարգի մակարդակում վերջինիս համար պատասխանատու դեֆեկտների ճնշումը և հասկացումը հետազոտությունների հիմնական ուղղություններն են: Ներկայումս ՖՀԻ-ում ճառագայթային փորձարկումների համար 1.25 ՄէՎ ֆոտոն էներգիայով և 860 գրեյ/ժամ դոզայի հոսքով 60 Կոբալտ գամմա ճառագայթային աղբյուր է օգտագործվում: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի «ԱՐԵԱԼ» արագացուցչի արձակած 5 ՄէՎ էներգիայով գերկարճ իմպուլսները հավելյալ հնարավորություններ են ընձեռում նյութերի ճառագայթային թույլտվածքների հիմնարար խնդիրների ուսումնասիրման համար: Վերջերս «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա 1-1.5 կիլոգրեյ կիրառված դոզայով առաջին ճառագայթային փորձեր են իրականացվել LuAG:Ce և LuAG:Pr միաբյուրեղների վրա: Նկարը ցույց է տալիս նմուշներից մեկի օպտիկական թափանցիկությունը ճառագայթումից առաջ և հետո: 520-550 նմ միջակայքը շատ կարևոր է, քանի որ այս սինցիլյատորի էմիսիայի գագաթնակետը դիտվում 520 նմ վրա: 1 կիլոգրեյ կիրառված դոզայից հետո նկատվում է մի փոքր դեգրադացիա: Ճառագայթային երկու աղբյուրների միջոցով ստացված ազդեցությունների համեմատությունը ընթացքի մեջ է, մինչդեռ կարելի է փորձեր իրականացնել նաև այլ բյուրեղային միացություններով՝ դրանք ավելի բարձր ճառագայթային դոզաների ենթարկելով: ՖՀԻ-ը հետաքրքրված է «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա երկարաժամկետ հետազոտության իրականացմամբ»: