Փետրվար 1, 2019

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

«ՔԵՆԴԼ» թիմը ուրախ է տեղեկացնել, որ յուրաքանչյուր տարվա հունիս ամսին կազմակերպվելու է “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված է լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.): Այս տարի վերոնշյալ միջոցառումը կազմակերպվելու է հունիսի 7-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ “International Day of Light 2019” միջազգային նախաձեռնության շրջանակներում:

“International Day of Light” նախաձեռնության հիմնական նպատակն է ցույց տալ լույսի կատարած անգնահատելի դերը գիտության, մշակույթի, արվեստի, կրթության մեջ, ինչպես նաև այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են բժշկությունը, հաղորդակցությունը և էներգիան: Լույսը հնարավորություն կտա հասարակության տարբեր սեկտորների մասնակցելու այն միջոցառումներին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գիտությունը, տեխնոլոգիան, արվեստն ու մշակույթը նպաստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրագործմանը՝ կրթություն, հավասարություն և խաղաղություն:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից կազմակերպվող “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օրը նվիրված կլինի լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին, որոնք ուղղված են նանոաշխարհի գաղտնիքների բացահայտմանը: Կներկայացվեն մի շարք ելույթներ՝ նվիրված սինքրոտրոնային լույսին, ազատ էլեկտրոնային լազերներին և դրանց կիրառություններին: Ինստիտուտի հետազոտական և փորձարարական լաբորատորիաների դռները ժամը 10:00-16:00 բաց են լինելու աշակերտների, ուսանողների, հետազոտողների համար:  Բոլոր հետաքրքրված անձանց սիրով հրավիրում ենք մասնակիցը լինել այս միջոցառմանը, ծանոթանալ մեր կազմավորման պատմությանը և հեռանկարներին: