Դեկտեմբեր 26, 2016

Ուլտրամանուշակագույն փնջատար «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի համար

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի «Ֆոտոնային փնջեր և օպտիկա» խումբը նախագծել և տեղադրել է նոր օպտիկական համակարգ` «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում բազմազան ժամանակային և փուլային կախվածություն ունեցող օպտիկական երևույթների ուսումնասիրման և կիրառման համար: Որպես նոր համակարգի առաջին կիրառություն` «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում արդեն իսկ շահագործվող «ԱՐԵԱԼ»-ի “s-pulse” լազերի ֆունդամենտալ և երկրորդ հարմոնիկի փնջերի հաճախությունների խառնումով իրականացվել է երրորդ հարմոնիկի գեներացումը: Ինֆրակարմիր (1030 նմ) և տեսանելի (կանաչ, 515 նմ) փնջերի հետ մեկտեղ 343 նմ երկարությամբ ուլտրամանուշակագույն ալիքի աղբյուրը կօգտագործվի հատուկ ոչ գծային օպտիկական փորձերի, ինչպես նաև լազերային միկրոմշակման կայանում նյութերի մշակման նոր կիրառությունների նպատակով:

Նոր համակարգը երկու փոփոխական հապաղման գծերի և մի շարք բևեռացված և ոչ գծային օպտիկական էլեմենտների հավաքածու է, որն ապահովում է և՛ ինֆրակարմիր, և՛ տեսանելի ազդակների ուղղության, հարաբերական փուլի, ինչպես նաև բևեռացման և էներգիայի ճշգրիտ կառավարում: Շնորհիվ ճշգրիտ օպտոմեխանիկական կառավարման` հաջողվել է ստանալ առանձին վերահսկվող պարամետրերով ինֆրակարմիր և տեսանելի փնջերի համագիծ տարածումը երկար ուղղով` ընդհուպ մինչև միկրոմշակման կայանի սեղանիկ: Այսպիսով, հաճախությունների խառնումը հնարավոր է իրականացնել ինչպես մինչև, այնպես էլ հենց միկրոմշակման կայանի սեղանիկի վրա: Կարգաբերելով իմպուլսների էներգիան, բևեռացումը և ժամանակային փոխծածկումը` ստացվում է երրորդ հարմոնիկի գեներացման փոխակերպման ամենաբարձր արդյունավետությունը յուրաքանչյուր կոնֆիգուրացիայի համար` ապահովելով 400 ֆեմտովայրկյանից մինչև 8 պիկովայրկյանը ընկած միջակայքում ազդակի փոփոխվող տևողությամբ հզոր ուլտրամանուշակագույն աղբյուր: